Փետրվարի 18-19-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ աշխատաժողովներ են տեղի ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման պատասխանատուների հետ։ Քննարկման առանցքում էր ՄԿԾ-ների ներքին աուդիտի իրականացումը, որն ամրագրված է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշումներում։
Օրակարգային հիմնական հարցերն էին.
- արդյոք անհրաժե՞շտ է մշակել աուդիտի համընդհանուր ձևաչափ,
- արդյոք յուրաքանչյուր բուհ աուդիտի իր ձևաչա՞փը պետք է մշակի՝ առաջնորդվելով ընդհանուր սկզբունքներով և իր առանձնահատկություններով։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ ՄԿԾ-ների ներքին աուդիտը բուհերին հնարավորություն է տալիս բացահայտելու և լուծելու իրենց առանձնահատուկ խնդիրները։ «Եվրոպական որակի ապահովման չափանիշներն ու ուղեցույցները (ESG) սահմանում են, որ բուհերն իրենք են պատասխանատու ՄԿԾ-ների իրականացման և դրա որակի համար և պետք է շարունակաբար աշխատեն դրանց բարելավման ուղղությամբ»,- ասաց պարոն Թոփչյանը։
Համեմատելով գործընթացը շարժիչի տեխնիկական զննման հետ՝ նա ընդգծեց, որ հավատարմագրումը նման է տեխզննման, որն օգնում է խուսափել խոշոր խնդիրներից, սակայն որակի ապահովման համար անհրաժեշտ է ամենօրյա մշտադիտարկում։ «Կարելի է տարեկան պլանավորել մշտադիտարկման ենթակա տիրույթները՝ նախապես սահմանելով որոշակի հիպոթեզներ: Իսկ հիպոթեզները կարող են դուրս բերվել հավատարմագրման փորձագիտական զեկույցից՝ օրինակ, արդյոք կրեդիտներն արդյունավետ են կիրառվում, վերջնարդյունքները համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին կամ գուցե փոքր վերջնարդյունքներ են սահմանված»,- հավելեց նա։
Առաջին օրը ՄԿԾ-ների աուդիտի իրենց փորձը ներկայացրեց ՀՖԿՍՊԻ Որակի ապահովման բաժնի ղեկավար Գագիկ Քթրյանը՝ ընդգծելով տվյալների հավաքագրման և վերլուծության անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ՄԿԾ-ների մշտադիտարկումը զուգորդվում է որակի բաժնի կողմից իրականացվող ամբիոնային աուդիտով, ինչի արդյունքում հնարավոր է ամբողջական պատկերացում կազմել առկա խնդիրների և բարելավման ուղղությունների մասին։
Քննարկվեց նաև տվյալների հավաքագրման գործընթացը. արդյոք նախ պետք է սահմանվեն հիպոթեզներ և մշտադիտարկման տիրույթներ, ապա միայն իրականացվի տվյալների հավաքագրում, թե՞ սկզբում պետք է հավաքել տվյալներ, ապա վերլուծել դրանք։ Շեշտադրվեց աուդիտի իրականացումը հետագծման սկզբունքով, որը թույլ է տալիս համակարգային ձևով մշտադիտարկել ՄԿԾ տարբեր բաղադրիչների վերաբերյալ հավաքագրվող տվյալները։
Հանդիպման մասնակիցները կարևորեցին, որ աուդիտն իրականացվի ապակենտրոնացված ձևով՝ ֆակուլտետների ներգրավմամբ։ Նրանք ներկայացրին իրենց բուհերում ՄԿԾ-ների աուդիտի ուղղությամբ ձեռնարկված քայլերը, հաջողված և ձախողված փորձերը։ Ընդգծվեց՝ միասնական ձևաչափի կիրառումը կարող է արդյունավետ չլինել, քանի որ յուրաքանչյուր բուհ ունի իր առանձնահատկությունները։ Ուստի, ավելի նպատակահարմար է ընդհանուր սկզբունքների հիման վրա յուրաքանչյուր բուհի կողմից սեփական ձևաչափի մշակումն ու աուդիտի իրականացման սկզբունքների սահմանումը։
Կից կարող եք տեսնել հանդիպումների ընթացքում ներկայացված սահիկաշարերը․
Առաջին օրվա սահիկաշար,
Երկրորդ օրվա սահիկաշար։