Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի խնդիրները միայն Հայաստանին չէ, որ բնորոշ են: Նման խնդիրներ, տարբեր դրսևորումներով, ունեցել և ունենում են աշխարհի գրեթե բոլոր երկրները. այսպիսին էր Երևանում ուսուցման արդյունավետության խնդիրները քննարկող հայաստանյան ու միջազգային մասնագետների կարծիքը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով խորհրդաժողովի շրջանակներում հավաքել էր դասախոսների և կրթության կառավարիչների Հայաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Չեխիայից և եվրոպական այլ երկրներից: Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում տեղական ու միջազգային մասնագետները ներկայացրին, թե ուսուցման արդյունավետության գնահատման ու ապահովման ինչ մեխանիզմներ են կիրառում և ինչ խնդիրներ ու դժվարություններ ունեն այդ գործում: Միջոցառմանը մասնակցում էին նաև գործատուներ և ուսանողներ` ապահովելով ոլորտի բոլոր շահակիցների դեմ առ դեմ երկխոսությունը և քննարկումները:
ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով` Հայաստանում իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրումների շնորհիվ վեր են հանվել բուհերում առկա մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: Նրա խոսքով` բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների առումով ապահովված է հասարակության պահանջած թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Այժմ հասարակությունն ակնկալում է նույնը նաև մասնագիտության կրթական ծրագրերի մակարդակում:
Նա նշեց, որ մասնագիտության կրթական ծրագրերի ուսումնասիրությունը կնպաստի, որ ևս մեկ քայլ առաջ գնանք երկրում կրթության որակի ապահովման առումով: Օրինակ, եթե յուրաքանչյուր բուհ ամեն տարի հավատարմագրի իր մասնագիտության կրթական ծրագրերի տասը տոկոսը, ապա տասը տարվա շրջափուլ կառաջանա, որի ընթացքում ուսումնական հաստատության բոլոր կրթական ծրագրերը կուսումնասիրվեն ու կապահովվի դրանց արդիականությունն ու համապատասխանությունը գործատուների պահանջներին, տեղական ու միջազգային չափորոշիչներին: ՈԱԱԿ-ն առաջիկայում դիմելու է կառավարությանը` նման առաջարկ ներկայացնելով:
Վրաստանի Իլյայի անվան պետական համալսարանի դոցենտ Բերիկա Շուկակիձեն, համեմատելով երկու երկրների կրթական համակարգերը, նշում է, որ Հայաստանը ճիշտ ուղի է ընտրել, և ընտրված ճանապարհով գնալու դեպքում մի քանի տարի անց հայաստանյան բուհերն ավելի լավ վիճակում կլինեն: Ասում է, որ Վրաստանը որակի ապահովման գործընթացները սկսել է դեռ 2004-ից` Հայաստանից 5 տարի շուտ: «Մի քանի տարի առաջ մենք էլ նույն խնդիրներն ունեինք, ինչ բոլոր հետխորհրդային երկրները: Բայց երկրում իրականացված ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումների միջոցով վիճակը բարելավվել է: Այժմ ավելի քիչ ուսանողներ են գնում այլ երկրներում կրթություն ստանալու, քանի որ վրացական բուհերն արդեն կարողանում են որակյալ և մրցունակ կրթություն ապահովել»,- ասում է նա:
Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա համալսարանի պրոֆեսոր Փոլ Հիլանդի խոսքով` բոլոր երկրներում էլ կան դասախոսներ, որոնք ուսուցումն անարդյունավետ և հին մեթոդներով են իրականացնում, ուսանողներ, որոնց պետք է մոտիվացնել, որ սովորեն: Նրա խոսքով` հայաստանյան բուհական համակարգին բնորոշ համարվող բոլոր խնդիրներն այս կամ այն կերպ վերաբերում են աշխարհի յուրաքանչյուր երկրի: «Օրինակ՝ աշխարհի բոլոր երկրները, այդ թվում և Մեծ Բրիտանիան, առնչվում են այն խնդրին, թե ինչպես գործատուներին ներգրավել մասնագիտության կրթական ծրագրերի բարելավման գործում»,- ասում է նա:
Նրա խոսքով` նորից հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Տարբեր երկրներ արդեն հաջողություններ են արձանագրել որոշակի խնդիրների լուծման առումով: «Պետք է ուսումնասիրել, թե օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եվրոպական մի շարք երկրներ, Ավստրալիան այդ խնդիրներն ինչպես են լուծել, հաշվի առնել նրանց փորձը: Այդպես թե՛ ժամանակ կխնայվի, թե՛ պարզ կդառնա, թե այլոց որ փորձն է կիրառելի ձեր պարագայում»,- ասում է նա՝ ավելացնելով, որ Մեծ Բրիտանիան կրթության որակի ապահովման առումով ավելի երկար ճանապարհ է անցել, և հայկական բուհերը կարող են հաշվի առնել նաև իրենց փորձը:
Հիլանդի խոսքով` Միացյալ Թագավորությունում յուրաքանչյուր բուհի համար արդիական հարց է, թե որքանով է ապահովված կապը մասնագիտական կրթական ծրագրի և աշխատաշուկայի միջև, ինչպես նաև ինչպիսին է իրենց շրջանավարտների աշխատանքով ապահովվածության մակարդակը: Ասում է, որ բրիտանական բուհերը կարևորում են, որ իրենց շրջանավարտը ոչ միայն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ ունենա` ամրապնդված պրակտիկայով, այլև՝ ձեռներեցության համար բազային գիտելիքներ ու հմտություններ: «Շատ երիտասարդներ սեփական գործը հիմնելու հավակնություններ ունեն: Ուստի, բուհն իր ուսանողին ոչ միայն աշխատաշուկային համապատասխան հմտություններ պետք է տա, այլև սովորեցնի բիզնես պլան կազմել, ապրանք կամ գաղափար վաճառել»,- ասում է բրիտանացի մասնագետը` շեշտելով, որ այդպես խթանվում է նաև ստեղծարար տնտեսությունը:
Պարզվում է՝ Մեծ Բրիտանիայում պարտադիր պահանջ է բոլոր բուհերի համար, որ ամեն տարի իրենց կայքում զետեղեն տեղեկություն, թե շրջանավարտներից քանիսն են աշխատում իրենց մասնագիտությամբ և ինչքան է նրանց միջին աշխատավարձը: Պրոֆեսորի խոսքով` սա լավ կողմնորոշիչ է բուհերի դիմորդների համար:
Այս ու մի շարք այլ գործոններ հաշվի առնելով՝ կազմվում է բուհերի ուսուցման արդյունավետության ինդեքսը, ինչն էլ ազդում է բուհի ազգային ու միջազգային կարգավիճակի վրա: «Ուստի, բուհը թե՛ բիզնես, թե՛ կրթական շահ ունի հնարավորինս ամեն բան անելու, որ իր շրջանավարտները բարձր զբաղվածություն ունենան»,- ասում է նա:
Գործատուների ու բուհերի միջև երկխոսությունն ապահովելու, ինչպես նաև կրթական ծրագրերի մշակմանը նրանց մասնակցությունն ապահովելու համար միջոցառմանը մասնակցում էին նաև գործատուներ տնտեսության տարբեր ոլորտներից: Քննարկումների ընթացքում գործատուները հայաստանյան բուհերի շրջանավարտներին բնորոշ մի քանի ընդհանուր խնդիրներ առանձնացրին: Այսպես, աշխատաշուկա մտնել փորձող նորավարտները հաճախ չգիտեն, թե իրենց ունեցած գիտելիքն ինչպես գործնականում կիրառեն, բացի այդ, զարգացող տեխնոլոգիաների ներկայիս պայմաններում երբեմն բուհի շրջանավարտի գիտելիքներն արդեն հնացած են լինում:
«Կարևոր է, որ գործատուները պատրաստ են համագործակցել: Ներկայումս գործատուներն ունեն պահանջներ և խնդիրներ, որոնք բարձրաձայնում են, դասախոսներն էլ ընկալում են դա ու փորձում հաշվի առնել»,- ամփոփելով միջոցառման շրջանակներում ծավալված երկխոսությունը` նշեց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Միջոցառման մասնակիցները կարևորեցին, որ ոլորտի շահակիցների, կրթության որակով մտահոգ անձանց նմանատիպ հանդիպումները շարունակական լինեն, որպեսզի ապահովվեն շփումները, կարծիքների ու փորձի փոխանակումը, ինչն էլ իր հերթին կնպաստի կրթության որակի ապահովմանը: