Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2016 թվականի հունվարի 21-22-ը Հայաստանում կանցկացվի «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանո՞վ է ուսուցումն արդյունավետ» համաժողովը: Համաժողովի նպատակների և ակնկալվող արդյունքի, ինչպես նաև 2015 թվականի ՈԱԱԿ-ի գործունեության մասին է Orer.am-ի զրույցը կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:
- Պարոն Թոփչյան, տարին ավարտվում է, Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն էր 2015 թվականը:
- 2015 թվականը մեզ համար ընդհանրացումների և կատարված աշխատանքն ավարտին հասցնելու տարի է եղել: Դրանից առաջ իրականացվել էր բուհերի հավատարմագրման գործընթաց, բայց դեռ որևէ որոշում չէր ընդունվել: Այս տարի հավատարմագրման հանձնաժողովը 16 բուհի մասին որոշում է կայացրել, այսինքն՝ մինչ այդ կատարված աշխատանքները 2015 թվականի ընթացքում հասան իրենց տրամաբանական ավարտին: Բայց, իհարկե, այդ տրամաբանական ավարտը մեզ համար մեկ այլ տրամաբանական սկիզբ է ենթադրում, քանի որ բուհերի հավատարմագրման գործընթացը շարունակական բնույթ ունի, և այն բուհերը, որոնք այս տարի հավատարմագրում անցան, պետք է շարունակեն իրականացնել ստանձնած պարտավորությունները և մինչև հաջորդ հավատարմագրումը իրագործեն իրենց բարելավման ծրագիրը:
- Կյանքը փոխվել է, պահանջները նույնպես, բայց կարծես բուհերը նույն իներցիայով են շարունակում աշխատել, և տպավորությունն այնպիսին է, որ բուհն ամենևին էլ շահագրգռված չէ շուկայի պահանջարկին համապատասխանող մրցունակ մասնագետներ պատրաստել: Ձեր կարծիքով՝ հավատարմագրում անցած բուհերին դա արդեն կսկսի՞ անհանգստանցնել:
- Բուհերն այսօրվա դրությամբ բավականին մեծ գործ են անում, որն ընդամենն առաջին քայլն է: Ինչ խոսք, գործը կազմակերպելը մեկ բան է, իսկ նպատակներն իրականություն դարձնելը՝ մեկ այլ բան: Ուստի, կարող եմ ասել, որ բուհերում դեռ որոշակի խնդիրներ կան, բայց նոր մոտեցումները բուհերին նոր պարտավորությունների առջև են կանգնեցրել, ինչը նրանք պետք է քայլ առ քայլ հաղթահարեն:
- Հաճախ ասվում է, որ բուհ ընդունվողների որակը բավականին նվազել է, այս դեպքում ի՞նչ եք կարծում, չի՞ կրկնապատկվում դասախոսի պատասխանավտության աստիճանը:
- Տարեցտարի բուհ մտնող ուսանողների գիտելիքների շեմը նվազում է, ուստի դասախոսների աշխատանքն էլ բարդանում է: Մեկ բան է պատրաստված ուսանողին արդյունքի հասցնելը, մեկ այլ բան՝ թույլ ուսանողի հետ աշխատելը և ցանկալի մակարդակին հասցնելը: Դրա համար առավել շատ ջանք ու նոր մոտեցումներ են հարկավոր: Այս ամենն իրագործելու համար դասախոսը պետք է նաև վերլուծական միտք, նորարարական մտածելակերպ ունենա`իրավիճակին բնորոշ լուծումներ տալու համար: Բարեբախտաբար, մենք ունենք նորարար դասախոսներ, ուստի ակնկալում ենք, որ մեր կողմից կազմակերպած աշխատաժողովին կմասնակցեն մեր բուհերի նման դասախոսները: Աշխատաժողովը նաև հարթակ կլինի այլ երկրների փորձն ուսումնասիրելու, մեր խնդիրները քննարկելու համար: Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր դասախոս իր կողմից կատարած գործը կարողանա այլ տեսանկյունից վերլուծել և տեսնել, թե ինչպիսին է իր աշխատանքի արդյունավերությունը:
- Պարոն Թոփչյան, ՈԱԱԿ համաժողովի թեման է «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանո՞վ է ուսուցումն արդյունավետ»: Ո՞րն է նման թեմայի ընտրության պատճառը և նպատակը:
- Մենք այսպիսով ոչ թե կասկածի տակ ենք դնում կրթության արդյունավետությունը, այլ ցանկանում ենք, որ դասախոսը վերլուծի դրա արդյունավետությունը ու հասկանա, թե որքանով է հասնում ակնկալված արդյունքին: Դասախոսն ամեն սեպտեմբերին լսարան մտնելուց առաջ վերանայում է իր մոտեցումները, մեթոդները, նյութերը`իր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար`հիմնվելով մինչ այդ եղած փորձի և արձագանքի վրա: Ցանկալի է, որ այդ ուսումնասիրություններն ունենան հետազոտական հիմք և լինեն դասախոսի հետազոտական աշխատանքի մի մասը: Մեզ մոտ, ցավոք, այդ ամենը համակարգված չի արվում: Խորհրդաժողովը կազմակերպելով` ուզում ենք մեկ տեղում հավաքել այդ մասնագետներին, վեր հանել նրանց փորձը և հասանելի դարձնել մյուսներին:
- Իսկ մասնակցության կարգն ինչպիսի՞ն է: Դասախոսներն իրե՞նց նախաձեռնությամբ պետք է մասնակցեն:
- Մասնագետներն իրենց նախաձեռնությամբ էլ կարող են մասնակցել թե´ իրենց լավագույն փորձով կիսվելու, թե´ այլոց փորձին և ոլորտի ժամանակակից միտումներին ծանոթանալու համար: Սակայն մենք ավելի շատ ակնկալում ենք, որ կրթության որակի ապահովմամբ շահագրգռված բուհերի ղեկավարությունը կխրախուսի իր աշխատակիցներին մասնակցել խորհրդաժողովին: Ոչ թե մի հոգու պետք է ուղարկեն, որ տեսնի, թե ինչ նորություն կա ոլորտում ու գնա բուհում ասի, այլ որոշակի թվով մասնագետների, որոնք կկարողանան բուհում կրիտիկական զանգված ձևավորել և ձեռք բերած փորձն արդյունավետորեն կտարածեն բուհում, կապահովեն դրա կիրառությունը: Դա կդառնա բուհի առաջխաղացմանը նպաստող հիմնական անկյունաքարերից մեկը
- Համառոտ կներկայացնե՞ք, թե ինչ ձևաչափով է կազմակեպվելու համաժողովը:
- Ընտրվելու են մի քանի ուղղություններ, զեկույցներով կներկայացվեն այդ ոլորտների ներկայիս փորձը և համաշխարհային ու հայաստանյան միտումները: Բացի այդ, յուրաքանչյուր ուղղության վերաբերյալ կլինեն նաև քննարկումներ: Համաժողովի ընթացքում նաև մի շարք այլ տեսակյուններից կուսումնասիրվեն կրթության որակի ապահովման պոտենցյալ և ներկայիս զարգացումները հայաստանյան բուհերում և հնարավորություն կընձեռնվի բացահայտելու եվրոպական մակարդակի ուսումնառության քաղաքականության ներդրման ուղիները հայաստանյան բուհերում: