«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով ֆորումը, որ կազմակերպվել էր Աներիկյան համալսարանում, ցույց տվեց, որ ՈԱԱԿ-ը վայելում է իր շահակիցների վստահությունը:
Խորհրդային կարգերի փլուզումից հետո կամաց-կամաց «փլվեց» նաև կրթական համակարգը: Երբեմնի կայացած բուհերի կողքին սնկի նման աճեցին մասնավորները և սկսեցին անհասկանալի որակի մասնագիտական կրթություն վաճառել: 90-ականների սկզբներին տպավորությունն այնպիսին էր, որ դրանք նույնիսկ անհրաժեշտություն են, քանի որ նրանք ավելի արագ էին հարմարվում շուկայի պահանջներին և առանց ավելորդ առարկայացանկ պարտադրելու` համապատասխան մասնագետներ էին պատրաստում:
Բայց տարիներ անց պարզվեց, որ սնկի նման աճած մասնավոր բուհերի որակն այն չէ: Ավելին` լուրեր էին պտտվում անգամ, որ սահմանված տարիների համար ուսման վարձ վճարելով՝ կարելի է նույնիսկ առանց բուհ հաճախելու «ստանալ» այս կամ այն մասնագիտական կրթության դիպլոմ և առանց որևէ խոչընդոտի դրանով պայքարել , այսպես ասած, ավանդական բուհեր ավարտած մասնագետների հետ:
Իրավիճակը կարգավորելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ` ստեղծվեց հավատարմագրման ծառայություն: Հավատարմագրում ստացած մասնավոր բուհերը պետական նմուշի դիպլոմ տալու հնարավորություն ստացան:
Իսկ Բոլոնյան համակարգին միանալուց հետո նոր կարգավորումների անհրաժեշտություն առաջացավ:
Մեր երկրում կրթության որակի ապահովման գործընթացները եվրոպական կրթական տարածքի պահանջներին համապատասխանեցնելու համար ստեղծվեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: Այն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով հավաստում է Հայաստանում գործող բուհերի և կրթական ծրագրերի որակը և համապատասխանությունը պետական ու եվրոպական չափանիշներին:
ՀՀ տարածքում գործող բոլոր բուհերը մինչև 2018 թվականը պետք է դիմած լինեն ինստիտուցիոնալ հավատարմագրման համար: Այսօր իսկ արդեն կա հստակ պատկեր, թե որ բուհերն են համապատասխանում պահանջվող չափանիշներին, որոնք՝ ոչ: Անշուշտ, այս գործընթացը շարունակական պրոցես է, և փուլային աշխատանքի շնորհիվ Հայաստանի կրթական համակարգն էլ կմոտենա միջազգային չափանիշներին: Սակայն քանի որ կրթական համակարգերում իրականացված փոփոխությունների արդյունքները ժամանակի ընթացքում են ի հայտ գալիս, ուստի դեռ վաղ է շոշափելի արդյունքի մասին խոսելը, բայց վաղն ավելի մրցունակ լինելու համար այսօր արդեն պետք է մտածել, թե, այնուամենայնիվ, բուհական ուսուցումը որքանո՞վ է այսօր արդյունավետ: Այս հարցի պատասխանը ստանալու համար հունվարի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով ֆորումը, որին մասնակցում էին տեղական և արտերկրի մի շարք բուհերի ղեկավարներ, դասախոսներ, կրթության կառավարման մասնագետներ և կրթական ծրագրերի փորձագետներ: Այն լավ առիթ էր ներկայացնելու, թե իրականում բարձրագույն մասնագիտական կրթություն ապահովող հաստատություններում ինչ ընդհանուր խնդիրներ կան:
Orer.am-ը մանրամասն ներկայացրել է ֆորումի մասնակիցների տեսակետը: Այս անգամ ներկայացնում ենք հարցազրույց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:
-Պարո՛ն Թոփչյան, ամփոփելով Ձեր գլխավորած կենտրոնի կողմից կազմակերպած ֆորումի արդյունքները` որքանո՞վ էր այն արդյունավետ:
-Կարող եմ ասել, որ լավ սկիզբ է դրված: Այն, ինչ ակնկալում էինք սկզբանական փուլի համար, տեղի ունեցավ: Մենք ունեցանք տարբեր խնդիրների շուրջ մի շարք բաց քննարկումներ: Նույնիսկ միջազգային փորձագետներն անընդհատ ասում են, որ շատ հետաքրքիր էր, ու կարևորում, որ բոլորը բաց խոսում էին: Ֆորումի անկաշկանդ մթնոլորտը, բաց քննարկումները, խնդիրների վերհանումները վկայում են, որ ՈԱԱԿ-ը` որպես ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող կառույց, վայելում է իր շահակիցների` գործատուների, բուհերի, դասախոսների, ուսանողների վստահությունը:
- Վստահությունը կա, բայց այն հետագայում որքանո՞վ կնպաստի առկա խնդիրները լուծելուն:
- Գործընթացները տանում են նրան, որ մեր բուհերի դասախոսները շարունակաբար ուսումնասիրեն իրենց աշխատանքի արդյունավետությունը և, հիմնվելով արդյունքների ու արձագանքների վրա` դասավանդման մեթոդների ու ծրագրերի բովանդակության բարեփոխումներ կատարեն: Այժմ այս ամենը կա, սակայն ոչ համակարգված: Նման միջոցառումները, մասնագիտական քննարկումները և լավագույն փորձի փոխանակումը կնպաստեն, որ դա վերածվի որակի մշակույթի: Միայն այսպես կարող ենք արդյունքի հասնել:
- Փաստորեն դասախոսները սովորեցնելուց առաջ պետք է իրենք էլ իրենց հերթին տիրապետե՞ն սովորեցնելու հմտություններին, որպեսզի աշխատանքն ինքնանպատակ չլինի:
- Կարևոր է ոչ միայն սովորեցնելու հմտությունը, այլ նաև ճիշտ գնահատելու կարողությունը: Խորհրդաժողովի մասնակից բրիտանացի փորձագետ Փոլ Հիլանդն է ասում՝ նախ պետք է գնահատել սովորածը, ապա պետք է գնահատել սովորելու համար և վերջինը՝ գնահատելն արդեն սովորել է: Կարևոր է նաև, որ դասախոսների կիրառած մեթոդները լինեն ընկալելի ուսանողի համար:
- Ֆորումի ամբողջ ընթացքում մասնակիցներն անընդհատ շեշտում էին Ձեր անձնային որակները, և կարմիր թելի նման անընդհատ թևածում էր այն միտքը, որ առկա հաջողությունները Ձեր մարդկային որակների դրսևորման արդյունք են: Նույնիսկ ներկաներից մեկն ասաց, որ այն, ինչ այօր կա, Ձեր կրեատիվ մտածելակերպի արդյունքն է: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:
- Ընդհանրապես լավը բացահատվում է, երբ ստեղծագործ մոտեցում ես ցուցաբերում: Կրեատիվությունն ամեն տեղ է կարևոր, բայց հատկապես կրթության ոլորտում, քանի որ այս ասպարեզում բազմազանությունը ահռելի մեծ է. դասախոսն ամեն օր շփվում է 30, 50 և ավելի ուսանողի հետ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր է իր բնավորությամբ, ճաշակով ու մոտեցումներով: Եթե դասախոսը ստեղծագործ մոտեցում չցուցաբերի, չհասկանա ուսանողների նպատակները և խնդիրները, նոր լուծումներ չառաջարկի, չի կարողանա բոլորին ներգրավելով արդյունավետ ուսուցում կազմակերպել: Հենց այդ պատճառով էլ շատ եմ կարևորում կրեատիվությունը:
Արմինե Գրիգորյան