Հունվարի 21-22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում.որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման 3-րդ ֆորումին մասնակցում էր նաև Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա համալսարանի պրոֆեսոր Փոլ Հիլանդը, ով արդեն հինգերերդ անգամ է Հայաստանի Հանրապետությունում:
Orer.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն շատ է դուր գալիս մեր երկիրը, քանի որ այստեղ բոլորը ու նաև կրության ոլորտին առնչվող մասնագետները շատ ընկերական են և բավականին կառուցողական մոտեցում ունեն և նրանց հետ աշխատելը բավականին հաճելի է: Բրիտանացի փորձագետի կարծիքով՝ Հայաստանի կրթական համակարգն ունի նույն այն խնդիրները, ինչպիսին անցումային այլ երկրների կրթական համակարգերը:
«Իմ կարծիքով՝ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը կանգնած է նույն մարտահրավերների առջև, ինչպիսին այլ երկրների բարձրագույն մասնագիտական կրթական համակարգերը, որտեղ կան և՛ բարձրորակ, և՛ միջին կարգի, և՛ ցածրորակ բուհեր, այնպես որ որակի առումով կարելի է ասել, որ Հայաստանում էլ նույն իրավիճակն է և այն որևէ կերպ չի տարբերվում այլ կրթական համակարգերից»,- ասում է Փ. Հիլանդը:
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկված է Եվրամիության և այլ կազմակերպությունների կրթական ծրագրերում և, բնականաբար, համագործակցելով եվրոպական երկրների հետ, ոչ միայն զարգացման նոր ուղիներ է փնտրում, այլև փորձում է եղած համակարգը բարելավելուն միտված ծրագրեր իրականացնել: Նա կես կատակ, կես լուրջ ասում է, որ հուսով է, որ արտերկրից այլ փորձագետներ չեն գա Հայաստան, քանի որ եթե ուրիշները գան, ապա ինքը չի կարողանա որպես փորձագետ գալ մեր երկիր, ու քանի որ շատ է սիրում Հայաստանը, ցանկանում է, որ մշտապես համագործակցի հայկական կրթական համակարգի ներկայացուցիչների հետ:
«Ես սիրում եմ Հայաստանը, քանի որ այստեղ մարդիկ շատ ընկերական են, հյուրասեր ու ջերմ: Բացի այդ, այստեղ մարդիկ միշտ պատրաստ են օգնել ցանկացած հարցով և ամեն անգամ Հայաստան այցելելիս ես գերագույն հաճույք եմ ստանում մեր համատեղ համագործակցությունից»,- ասում է Փոլը:
Նրա կարծիքով՝ բաձրագույն մասնագիտական կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու և լավ արդյունքի հասնելու համար երկարատև և համառ աշխատանք է հարկավոր, և Հայաստանը հենց այդ ճանապարհին է: Բացի այդ, փորձագետը նշում է, որ Հայաստանում բոլոր նախադրյալները կան համատեղ արդյունավետ համագործակցելու շնորհիվ ոլորտը զարգացնելու համար:
Ա. Գրիգորյան