Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, անդրադառնալով առցանց կրթության կազմակերպմանը համավարակի պայմաններում, հայտնեց, որ ՈԱԱԿ-ն առաջին օրվանից արձագանքել է խնդրին, շեշտել, որ առկա խնդիրները պետք է լինեն ուսումնասիրության կիզակետում:
«Հայաստանում բոլորս զբաղված ենք ուսանողներին օնլայն զբաղեցնելով, բայց կրեդիտը շնորհվում է ոչ միայն այդ զբաղվածության համար, այլ նրա համար, թե ուսանողն ինչքանով է ինքնուրույն աշխատանք կատարում: Ըստ դասախոսների, միշտ ուսանողն է մեղավոր, որ ինքը սովորեցրեց, բայց ուսանողը չսովորեց: Հիմա էլ ստացվում է, որ ինքն իր պարտականությունը կատարում է, եւ եթե ուսանողը չսովորի, էլի ուսանողն է մեղավոր լինելու, ինչը վատ մոտեցում է»,-նշեց ՈԱԱԿ-ի տնօրենը:
Ապա հավելեց. «Ես ակնկալում եմ, որ մեր դասախոսները կարող են հրապարակումներ անել իրենց փորձի, նորարարության, ուսանողներին մոտիվացնելու վերաբերյալ, որոնք կօգնեն մեզ դաշտն ուսումնասիրել եւ արձագանքել օրենսդրորեն»: Պարոն Թոփչյանը կարծիք հայտնեց, որ եթե անգամ դասախոսները բոլորին բարձր գնահատական նշանակեն, շատ բաներ կխախտվեն, քանի որ լավ սովորողը կասի` ինչո՞ւ հավասար ստացանք: Նրա համոզմամբ, ճիշտ կլինի կիսամյակը փակել սեպտեմբերին, որովհետեւ անգամ առցանց կրթություն իրականացնող «դրսի» համալսարանները վերջին քննությունը կազմակերպում են երես առ երես հանդիպմամբ:
«Մեզ եւս հետաքրքրում է` արդյոք ուսուցումը տեղի ունեցա՞վ, եւ ուսանողն ապրե՞ց առաջընթաց, այդ խնդիրը շատ սուր է, դրա համար հատուկ միջոցառումներ են պահանջվում` եւ դասախոսների, եւ բուհերի կողմից»,-ասաց նա:
Նա մի կարեւոր դիտարկում էլ արեց. «Բուհերի ղեկավարները պետք է կանգնեն դասախոսների առաջ որպես լիդերներ, եւ ոչ թե նախարարությունը հրահանգներ իջեցնի, թե ինչպես անել: Նախարարությունը չի կարող ինչ-որ բան իջեցնել վերեւից, եթե բուհը ինքը չի ստեղծել դրական միջադեպը»: