Այսօրվա դիմորդը մասնավոր և պետական բուհերի միջև ընտրություն կատարելիս չի կորող 100 տոկոսով վստահ լինել, որ 4 տարի հետո իր ընրտած բուհն իրավունք կունենա իրեն միջազգային չափանիշներին համապատասխանող դիպլոմ շնորհել: Այսինքն, թե՛ մասնավոր և թե՛ պետական բուհերի համար անցումային այս շրջանը կարող է ռիսկային լինել ուսանողների համար և այսօրվա դիմորդը վաղը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առջև: Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքում 2018 թ.-ից հետո այլևս չեն լինի ռիսկային համարվող կրթական հաստատություններ: Դա հնարավորություն կտա դիմորդին երաշխավորված բարձրագույն կրթություն ստանալ, համոզված է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Հետագա վտանգներից երաշավորված լինելու համար Ռ. Թոփչյանը դիմորդներին խորհուրդ է տալիս պետական և մասնավոր բուհի հետ պայմանագիր կնքելուց առաջ ուշադրություն դարձնել պայմանգրի դրույթներին:
«Եթե դա գիտակցում է դիմորդը, պետք է բուհից պահանջի պայմանգրում ավելացնել այնպիսի կետ, որը կհավաստիացնի, որ բուհը երաշխավորում է, որ ուսանողը կավարտի հավաստագրում անցած բուհ: Այդ դեպքում էլ բուհն իր առջև խնդիր կդնի բարելավել իր դիրքերը, մասնակցել ինստիտուցիոնալ հավատարմագրմանը և ստանալ արտոնագիր»,- ասում է Ռ. Թոփչյանը:
Այստեղ միակ պահանջատերը կրթություն ստացողն է և ինքը պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները, իսկ եթե երկիրն ընտրել է միջազգային չափանիշներին համապատասխանող բուհեր ունենալու ճանապարհը, ապա պետք է հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար: Ռ. Թոփչյանի խոսքով մինչև 2018 թ.-ը ամենայն հավանականության կառավարությունը որոշում կընդունի, որով հավասարության նշան կդրվի նախկինում հավաստագրում ստացած և ներկայումս ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած մասնավոր բուհերի միջև:
«Մասնավոր և պետական բուհերից նրանք, ովքեր այսօրվանից արդեն գիտակցում են այս խնդիրը և պատասխանատվություն ունեն իրենց ուսանողների առջև, արդեն դիմում են մեզ: Նրանք, ովքեր դեռ պատրաստ չեն, դեռևս չեն դիմում»,- ասում է Ռ. Թոփչյանը:
Հատկապես կարևոր են, որ մասնավոր և պետական բուհի հետ կնքվող պայմանագրերում լինեն ֆորսմաժորային իրավիճակների մասին դրույթներ, որպեսզի ուսանողը հետագայում խնդիրներ ունենալու դեպքում կարողանա դատարանում պաշտպանել իր իրավունքները, խորհուրդ է տալիս ազգային կենտրոնի տնօրենը: Հակառակ դեպքում ուսանողը կկորցնի թե կրթության դիմաց վճարած գումարը, թե բուհի ավարտական վկայական ստանալու իրավունքը և թե իր թանկ և չվերականգնվող ժամանակը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ