Կատարվեց եւս մեկ քայլ որակի ապահովման մշակույթ ստեղծելու նպատակով
«Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով առաջին ֆորումն ավարտված է:
Ֆորումի պաշտոնական բացմանը ելույթ ունեցան ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀՀ ԿԳ նախարար եւ ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը եւ միջազգային փորձագետ Բրունո Կորվալեն:Համաժողովի առաջին օրվա ընթացքում վերհանվեցին որակի ապահովման դաշտում առկա խնդիրներն ու մարտահրավերները: Երկրորդ օրվա զբաղվածությունը վերապատրաստումներն էին: Մասնակիցները բաժանվեցին երեք խմբերի. ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Քաղաքականության մշակումների և իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը եւ «Մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովումը և շահակիցների հետ փոխհարաբերությունները» ծրագրի ղեկավար Լուիզա Միլիտոսյանը անցկացրին միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններին վերաբերող վերապատրաստումներ հետեւյալ թեմաներով. «ՈԱԱԿ մոտեցումները», «Որակի ներքին ապահովման համակարգ», «Ինքնավերլուծության մեթոդաբանական գործիքներ»: Համաժողովն ուղեկցվեց բուռն քննարկումներով, փորձի եւ գիտելիքի ակտիվ փոխանակմամբ: Նշենք, որ նշված վերապատրաստումների շնորհիվ մասնակիցների շրջանում հղացավ համագործակցության գաղափար: Ըստ Եվրասիա Միջազգային Համալսարանի ներքին որակի ապահովման բաժնի ղեկավար Արեւիկ Օհանյանի` «Այս հանդիպման ժամանակ տեղի ունեցավ փորձի փոխանակում, գիտելիքի շրջանառություն, ինչի բացակայությունը Հայաստանում հիմնական խնդիրներից մեկն է: Եվ այսօր շփվելով տարբեր բուհերի ներկայացուցիչների հետ՝ կրկին համոզվեցինք, որ կարծես թե յուրաքանչյուր հաստատություն առանձին «հեծանիվ» է հայտնաբերում, սակայն այս գործընթացները կարելի է արագացնել ինտենսիվ կապերի եւ համագործակցության միջոցով: Գաղափար առաջացավ ստեղծելու ոչ ֆորմալ ակումբ, որտեղ տարբեր բուհերի ներկայացուցիչներ հնարավորություն կունենան հանդիպելու, կիսելու իրենց փորձը, գիտելիքները, համատեղ նախաձեռնություններ նախաձեռնելու»:
Վերջում Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը ներկայացրին ինքնավերլուծության իրենց փորձը: Փորձաքննության անցկացման իրենց փորձով փոխանակվեցին ԵՃՇՊՀ-ի եւ ՀՊՄՀ-ի փորձագիտական խմբերի ղեկավարները. ներկայացրին հիմնական գործընթացները, խնդիրները եւ մոտեցումները:
Համաժողովի վերջին օրը ելույթ ունեցավ նաեւ ՈԱԱԿ ծրագրերից «Ուսանողության ձայն»-ը՝ ներկայացնելով իրենց առաքելությունը, արված հետազոտությունների արդյունքները` միաժամանակ բարձրաձայնելով ուսանողությանը հուզող խնդիրների մասին:
Համաժողովի ավարտին ՈԱԱԿ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը շնորհակալագրեր հանձնեց հիմնադրամի երկու աշխատակիցներին՝ Աննա Կարապետյանին և Ռուզաննա Մինասյանին՝ ՀՊՄՀ-ում և ԵՃՇՊՀ-ում «Մանկավարժություն և հոգեբանություն» և «Ճարտարապետություն և դիզայն» կրթական ծրագրերի հավատարմագրման փորձարկումը որակյալ համակարգելու համար:
Ամփոփելով նշենք, որ ֆորումին ներկա էին շուրջ 90 մասնակիցներ` ՀՀ ԿԳՆ ԾԻԳ ներկայացուցիչներ, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, տեղացի եւ միջազգային փորձագետներ: Վերջիններիս արձագանքները միայն դրական էին և հատկապես կարևորում էին հետագա համագործակցության գաղափարը: Ուշագրավ էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ներկայացուցչի կարծիքը. «Նման դասընթացի առաջին անգամ եմ մասնակցում եւ շատ տպավորված եմ: Ինչո՞ւ… Գիտեինք` հանրապետությունում սկսվել են որակի ապահովման գործընթացներ, բայց թե որտեղից պետք է սկսել եւ ուր գնալ՝ չգիտեինք: Մենք ունեինք միայն ընդհանուր պատկերացում, թե ինչ է որակը, բայց չունեինք պատկերացում, թե որտեղից սկսել, որ չսխալվենք»: Ըստ ներկայացուցչի` ամենակարեւորն այն է, որ կա օգնելու, համագործակցելու ցանկություն եւ ոչ միայն ստուգելու կամ վերահսկելու:
Այսպիսով, համոզված կարող ենք փաստել, որ կատարվեց եւս մեկ քայլ որակի ապահովման մշակույթ ստեղծելու ճանապարհին: