ՈԱԱԿ-ը հունիսի 1-3-ը հյուրընկալել էր Նիդերլանդների և Բելգիայի հավատարմագրման կազմակերպության հիմնադիրներից մեկին, ներկայում անկախ փորձագետ Վիկտոր Ռատգերսին։ Հայաստան այցի նպատակը ՈԱԱԿ գործունեությանը ծանոթացումն էր, կենտրոնի կառուցվածքի ու գործառույթների, որակի ապահովման ներքին համակարգերի հստակեցումը և մեր երկրում մասնագիտական կրթության որակի ապահովման մեխանիզմների ներդման նպատակով խորհրդատվությունը։
ՈԱԱԿ գործունեության դաշտին՝ մասնագիտական կրթական հաստատություններին, նրանց խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին ծանոթանալու նպատակով փորձագետն այցի ընթացքում հանդիպեց մայր բուհի ռեկտոր, պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ Ա. Սիմոնյանի, որակի կենտրոնի պատասխանատուների, ինչպես նաև ՀՊՃՀ պրոռեկտոր Ռ. Աղգաշյանի ու ԵՊԲՀ պրոռեկտոր Մ. Նարիմանյանի հետ։ Բուհերի ղեկավարները փորձագետին ներկայացրին իրենց ուսումնական հաստատություններում իրականացվող որակի ներքին ապահովման գործընթացները, ձեռքբերումնեն ու առկա դժվարությունները։
Հիմնական մարտահրավերները, որ ծառացած են այսօր մեր պետական բուհերի առջև բարեփոխումների իրականացման ճանապարհին, ըստ նրանց, ֆինանսական դժվարություններն են ու օրենսդրական դաշտի անկատարությունը։ Աշխատավարձերի ցածր լինելու պատճառով երիտասարդ ու կարող ուժերը խուսափում են բուհական աշխատանքից, իսկ պարոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ավագ սերունդը նորամուծությունների հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերում ու դժվարությամբ է ընդունում դրանք։ Այսուհանդերձ, մեր բուհերի ղեկավարները լիահույս էին, որ առաջիկա 5-6 տարիների ընթացքում իրենց կհաջողվի եղած կադրերից ձևավորել այն համակազմը, որը իր վրա կվերցնի ու առաջ կտանի բուհերի բարեփոխման ու զարգացման գործընթացը։
Փորձագետի այն դիտարկմանը, որ բուհերում բարեփոխումների հաջողության կարևոր գրավականը նրանց անկախությունն ու ինքնուրույնությունն է, ինչին իրենք Նիդերլանդերում մեծ ուշադրություն են դարձնում։ «Բուհը պետք է ինքը գիտակցի, որ հասարակության առջև պատասխանատու է իր որակի համար»,- ասաց նա ու հետաքրքրվեց, թե այդ առումով ինչպե՞ս է վիճակը Հայաստանում։
«Մենք չափից շատ անկախ են։ Օրենսդրական դաշտի անկատարության պատճառով այդ անկախությունն ինչ-որ առումով նույնիսկ անսահման է»,- կեսկատակ, կեսլուրջ ասաց ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը։ Արդյունքում, ըստ նրա, Հայաստանի նման փոքր պետությում ունենք ոչ պետական 70 բուհ, և կանոնակարգված չեն մի շարք խնդիրներ։ Բուհերի ղեկավարները ինչպես ոչ պետական, այնպես էլ պետական բուհերի գործունեության համար լուրջ բաց համարեցին Որակավորումների ազգային շրջանակի ու համապատասխանաբար, մասնագիտական կրթակական չափորոշիչների բացակայությունը։ Դրանք ներկայումս մշակման փուլում են, սակայն բուհերի ղեկավարների խոսքով, անհրաժեշտ է, որ պետությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի այս խնդիրներին։ Վ. Ռատգերսն ու ՈԱԱԿ մասնագետները, ինչպես նաև բուհերի ներկայացուցչիները նշեցին, որ այս խնդիրների լուծման գործում՝ չափորոշիչների մշակում, որակավորումների ազգային շրջանակի սահմանում, մեծ է հենց բուհերի դերը։ Աշխատաշուկայի հետ կապի, միմյանց հետ փոխհամագործակցության շնորհիվ նրանք պետք է իրենք սահմանեն որակի նշաձողը, որի պահպանմանն էլ հետևելու է ՈԱԱԿ-ը։
Բուհերի ղեկավարների խոսքով, միայն օրենսդրական դաշտի ու չափորոշիչների և չափանիշների հստակեցման պայմաններում կարելի է կանոնակարգել մասնագիտական կրթական դաշտը, ինչի արդյունքում համակարգի շատ խնդիրներ՝ այդ թվում ոչ պետական բուհերինը, ինքնաբերաբար ու բնականոն ճանապարհով կլուծվեն։ «Բոլոր բուհերի համար պետք է ստեղծվեն միասնական, հավասար պայմաններ ու հստակ օրենսդրական դաշտ։ Կրթական չափորոշիչները հստակեցնելուց հետո բազմաթիվ հարցեր իրենց տեղը կընկնեն»,- նշեցին պետական բուհերի ներկայացուցիչները։