Ինչպիսի՞ն է լինելու բարձրագույն կրթության որակի ապահովումն ապագայում, որո՞նք են կրթության որակի ապահովման գլոբալ մարտահրավերները, ինչպե՞ս է հնարավոր խթանել տարածաշրջանային համագործակցությունը. այս և կրթության որակի ապահովմանը նվիրված բազմաթիվ այլ հարցեր են քննարկվելու հոկտեմբերի 17-18-ին Երևանում ընթացող Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) 10-րդ ընդհանուր վեհաժողովի ընթացքում: Վեհաժողովի շրջանակներում մշակվելու է նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ռազմավարությունը 2021-2025թթ. համար:
Միջոցառմանը մասնակցում են 100-ից ավելի կրթության կառավարման և որակի ապահովման մասնագետներ Բոլոնիայի անդամ երկրներից:
«Վեհաժողովի գումարումը Հայաստանում, ինչպես և 2015 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովը, ևս մեկ հնարավորություն է եվրոպական կրթական հանրության ուշադրությունն ուղղել դեպի Հայաստանի՝ դինամիկ փոփոխությունների փուլում գտնվող բարձրագույն կրթության համակարգը»,- ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ողջունելով վեհաժողովի մասնակիցներին:
Նախարարն իր խոսքում կարևորեց որակի ապահովման համակարգի հզորացումը՝ նշելով, որ հավատարմագրումները խթան են բարձրագույն կրթության ծրագրերի արդիականացման, որակավորումների ճանաչման դյուրացման ճանապարհին:
«Մենք կարևորում ենք Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային և եվրոպական ռեգիստրին անդամակցությունը, և կարծում եմ, որ այստեղ կայացվելիք որոշումները նոր քայլ կլինեն որակի ապահովման համակարգերի զարգացման համար»,- ասաց Ա. Հարությունյանը։
«Հատկանշական է, որ ENQA 10-րդ վեհաժողովի անցկացումը Երևանում համընկել է ՈԱԱԿ-ի 10-րդ տարեդարձի հետ»,- ասաց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ողջունելով վեհաժողովի մասնակիցներին:
«ՈԱԱԿ-ն իր գործունեության առաջին իսկ օրվանից կարևորել է միջազգային համագործակցությունն ու ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքին։ Այս 10 տարիների ընթացքում ՈԱԱԿ-ը հայաստանյան բուհերի հետ միասին աշխատել է, որ երկրում հիմնվի շարունակական բարելավմանը միտված որակի ապահովման համակարգ: Եվրոպացի փորձագետները ևս մասնակցել են մեր առաջխաղացումներին և միջազգայնացումը եղել է ի նպաստ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի բարելավման»,- ասաց պարոն Թոփչյանը:
Մասնակիցներին ողջույնի խոսք ուղղեց նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը՝ շնորհակալություն հայտնելով ՈԱԱԿ-ին վեհաժողովը հյուրընկալելու համար:
Վեհաժողովի կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA):
ENQA-ն եվրոպական ցանց է, որը միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը եվրոպական կրթական տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի ապահովման ոլորտում։
ՈԱԱԿ-ը 2017 թվականից ENQA լիիրավ անդամ է: ՈԱԱԿ-ի գործունեության շնորհիվ ENQA անդամ կառույցները ծանոթ են հայաստանյան կրթական համակարգին, տեղյակ են բուհերի հավատարմագրման արդյունքներին։