ՈԱԱԿ-ը փորձագետներ է պատրաստում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման համար: Հուլիսի 13-14-ին 12 պետական տարածաշրջանային քոլեջների աշխատակիցները ՈԱԱԿ-ում վերապատրաստում անցան: Վերապատրաստված մասնագետները կընդգրկվեն փորձագետների բազայում և կմասնակցեն քոլեջների` առաջիկայում նախատեսվող փորձնական հավատարմագրմանը:
Երկօրյա դասընթացի ընթացքում ՈԱԱԿ աշխատակիցներ Լիլիթ Զաքարյանը և Լիլիթ Պիպոյանը մասնակիցներին ներկայացրեցին, թե ինչ է իրենից ներկայացնում փորձագետի աշխատանքը, փորձագիտական զեկույցի առանձնահատկությունները, զեկույց գրելու սկզբունքները, ինչպես նաև չափանիշների գնահատման և վերլուծության մոտեցումները:
Նշենք, որ 12 պետական տարածաշրջանային քոլեջներում ՈԱԱԿ-ի աջակցությամբ ներդրվել է որակի ապահովման ներքին համակարգ: Առաջիկայում կմեկնարկի այդ ուսումնական հաստատությունների փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրումը, որի ընթացքում դիտարկումներ կիրականացվեն երկու չափանիշների ուղղությամբ`մասնագիտության կրթական ծրագրեր և դասախոսական կազմ:
Փորձնական հավատարմագրման արդյունքում քոլեջները կպատրաստվեն բուն հավատարմագրմանը, ինչպես նաև կձևավորվի փորձագիտական բազա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: