Մայիսի 18–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացրել Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ամբիոնի վարիչների և դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ։
Մշտադիտարկման այցի ընթացքում քննարկվել են․
- հաստատության ռազմավարական ուղղությունները և մարտահրավերները՝ տարածաշրջանային առանձնահատկություններից ելնելով,
- քոլեջի՝ դիմորդների շրջանում գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության բարձրացման աշխատանքները՝ կրթական ծրագրերի բերալվման, գործնական առաջադրանքների ավելացման, քոլեջ-աշխատաշուկա կապի զարգացման միջոցով,
- դասախոսների լեզվական և մասնագիտական կարողությունների բարելավման հնարավորությունները և նախատեսված գործողությունները,
- տարածաշրջանի գյուղատնտեսական առանձնահատկությունների օգտագործումը կարճաժամկետ կրթական ծրագրերի իրականացման համար,
- աշխատաշուկա-ուսումնական հաստատություն համագործակցության ձևաչափերը,
- որակի ապահովման համակարգի գործառույթները տվյալների հավաքագրման և որոշումների կայացման գործում։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։