Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում Գավառի, Գորիսի, Ստեփանավանի և Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջների ղեկավար կազմի հետ։ Նպատակն էր քննարկել և հստակեցնել այդ քոլեջների ինստիտուցիոնալ հավատարմագրման կազմակերպման ճանապարհային քարտեզը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց հավատարմագրման նախապատրաստական և հավատարմագրման գործողությունների ժամանակացույցը։ Քննարկվեցին հնարավոր խոչընդոտները և լուծման ուղիները։
Քոլեջներից մի քանիսը տեղեկացրեցին, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկել որակի ներքին ապահովման համակարգի ներդրման, ինքնավերլուծության իրականացման ուղղությամբ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին ՈԱԱԿ-ում մեկնարկել գյուղատնտեսական քոլեջների աշխատակիցների վերապատրաստումը։ ՈԱԱԿ-ում վերապատրաստված մասնագետներն իրենց հերթին կվերապատրաստեն քոլեջի իրենց գործընկերներին, ուսանողներին, ինչը կնպաստի որակի ապահովման համակարգի ներդրմանը և կայացմանը այդ ուսումնական հաստատություններում։
Ակնկալվում է, որ ամռանը հավատարմագրման նախապատրաստական աշխատանքները կավարտվեն և գյուղատնտեսական քոլեջներն արդեն կդիմեն ինստիտուցիոնալ հավատարմագրման։
Նշենք, որ գյուղատնտեսական քոլեջների հավատարմագրումը «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման ծրագրի նախապայմաններից մեկն է։