Համալսարան-գործատու փոխշահավետ համագործակցության խոչընդոտները և զարգացման միտումները, ինչպես նաև ՏԵՄՊՈՒՍ ԱՐԱՐԱՏ ծրագրի կայունությունն ու շարունակությունն են քննարկվում դեկտեմբերի 21-22-ին Աղվերանում տեղի ունեցող համաժողովում։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը համաժողովին հանդես կգա երկու զեկույցներով։ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կներկայացնի որակավորումների ոլորտային շրջանակի մշակման մեթոդաբանությունը և կիրառումը, ինչպես նաև Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցը (ՀԱԱՑ) որպես տվյալների բազա և կիրառվող գործիքակազմը։
Երկօրյա համաժողովի ընթացքում կներկայացվեն նաև ԱՐԱՐԱՏ ծրագրի ձեռքբերումները, ծրագրի արդյունքում մշակված որակավորումների ոլորտային շրջանակները, կքննարկվեն միջոլորտային ծրագրերի կազմման առանձնահատկությունները։
Պանելային քննարկում տեղի կունենա՝ նվիրված գործատուների մասնակցությանը բարձրագույն մասնագիտական կրթության զարգացման գործընթացին։
Համաժողովի կազմակերպիչը ՀՊՏՀ-ն է։
Նշենք, որ ՏԵՄՊՈՒՍ ԱՐԱՐԱՏ-ի (2012-2015) նպատակն էր բարձրացնել բարձրագույն կրթության համապատասխանությունը անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին` Հայաստանում «Համալսարան-գործատու» համագործակցության կապի ստեղծման և գործարկման միջոցով: