ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում ՀՀ-ում գործող քոլեջների տնօրենների և որակի պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը տեղեկացրեց՝ նախատեսվում է, որ ՀՀ-ում գործող բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները մինչև 2022թ պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնեն։ Պետական քոլեջների հավատարմագրումը ֆինանսավորելու է ԿԳՄՍՆ-ն։
Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման մանրամասները, ժամկետները, առաջնահերթությունները։ Կարևորվեց, որ քոլեջներն, անկախ հավատարմագրման մեկնարկի ժամկետից, հնարավորինս շուտ սկսեն տվյալների հավաքագրումը և աշխատեն, որ ՈԱԱԿ ներկայացվող ինքնավերլուծությունները լինեն վերլուծական։
Քննարկվեցին հավատարմագրման չափանիշները։ Պարոն Թոփչյանը շեշտեց՝ կարևոր է, որ քոլեջների ռազմավարական ծրագրերը լինեն հստակ, իրատեսական և բխեն մարզի զարգացման ռազմավարական ծրագրից։ Նույնքան կարևոր է, որ քոլեջի գործունեությունը միտված լինի ռազմավարական ծրագրի իրագործմանը։
Քննարկվեցին նաև ՄՄՈՒՀ-երում որակի ապահովման հիմնական խոչընդոտները։ Քոլեջների ներկայացուցիչները հատկապես ընգծեցին լիցենզավորման պահանջը, որի համաձայն ՄՄՈՒՀ-ի դասախոսական կազմի 80 տոկոսը պետք է հիմնական աշխատակիցներ լինեն։ Քոլեջների ներկայացուցիչները նշեցին, որ իրենց ոլորտում աշխատավարձերը ցածր են և որակյալ մասնագետը միայն քոլեջում դասավանդել չի համաձայնի։ Դասավանդման որակի տեսանկյունից ավելի արդյունավետ կլինի, եթե դասախոսը լինի գործատու և ոլորտի պահանջված մասնագետ, որը համատեղությամբ կդասավանդի քոլեջում՝ իր գիտելիքները փոխանցելով ուսանողներին։
Որպես որակի ապահովմանը խոչընդոտող խնդիր նշվեց նաև ռեսուրսների բացակայությունը․ որոշ քոլեջներ տարածքը վարձակալում են, որոշների շենքային պայմանները բարվոք չեն և այլն։
Հանդիպման ավարտին քննարկվեցին բարձրաձայնված խնդիրների լուծման հնարավորությունները։