«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Ֆաբիեն Ֆլորիին:
Ֆրանսիացի հյուրը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գործունեությունը, կառույցին անդամակցող հայաստանյան բուհերը: Այնուհետև Ռ. Թոփչյանը և Ֆ. Ֆլորին քննարկեցին ՈԱԱԿ և AUF համագործակցության հնարավոր ուղիները և հեռանկարները:
Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում համագործակցել տրանսազգային կրթություն իրականացնող բուհերի հավատարմագրման շրջանակներում: Պարոն Թոփչյանը Ֆ. Ֆլորիին ներկայացրեց Հայաստանում տրանսազգային կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններիհավատարմագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` կարևորելով Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունից փորձագետների ներգրավմամբ ստեղծվող փորձի փոխանակման հնարավորությունը: Ֆ. Ֆլորին ևս բարձր գնահատեց ՈԱԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը` նշելով, որ համագործակցությունը երկուստեք արդյունավետ կլինի:
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը ֆրանսախոս երկրների բուհերը և հետազոտական կենտրոնները միավորող խոշորագույն ցանց է: Այն ունի 812 անդամ աշխարհի 104 երկրներում: Գործակալության անդամ են հայաստանյան չորս բուհեր: