«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում (ՈԱԱԿ) այսօր տեղի ունեցավ հանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետ:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ասաց, որ կրթության որակի շարունակական ապահովման գործընթացում հաջորդ քայլը ծրագրային հավատարմագրումն է, և հիմնադրամը քննարկումների միջոցով ցանկանում է ապահովել ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո ծրագրային հավատարմագրումների փուլին անցնելու հայաստանյան բուհերի համար կիրառելի և արդյունավետ ընթացակարգ:
Բուհերի ներկայացուցիչները կարևորեցին ինստիտուցիոնալ հավատարմագրումը` նշելով, որ գործընթացը նպաստել է իրենց կառավարման խնդիրների վերհանմանը և ճիշտ հասցեագրմանը, ինչի արդյունքում նաև ռազմավարական ծրագրերն են արդիականացվել ու ավելի նպատակային դարձել:
Ծրագրային հավատարմագրման առումով նշվեց, որ կարճ ժամանակահատվածում բոլոր մասնագիտությունների առանձին-առանձին հավատարմագրումը ծախսատար է ու ոչ իրատեսական, հատկապես մի քանի տասնյակ կրթական ծրագիր ունեցող խոշոր բուհերի համար: Քննարկման ընթացքում գործընթացի կազմակերպման երկու նախնական մոտեցում մշակվեց:
Բուհերի մի մասը կողմ է, որ յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն իր նախընտրելի հերթականությամբ ծրագրային հավատարմագրման գործընթացն անցնի` նման մասնագիտության կրթական ծրագրերն ըստ ոլորտների խմբավորելով: Բուհերի մյուս մասն էլ կողմնակից է, որ ծրագրային հավատարմագրման քաղաքականությունը հստակ սահմանվի պետական մակարդակով, և պետությունը յուրաքանչյուր տարվա համար ոլորտային առաջնահերթություն սահմանի: Այս պարագայում այդ մասնագիտություններով ուսուցում կազմակերպող բոլոր բուհերը, խմբավորելով նման մասնագիտության կրթական ծրագրերը, տվյալ տարվա ընթացքում ծրագրային հավատարմագրում կանցնեն: Այսպես հնարավոր կլինի նաև համեմատական վերլուծություն իրականացնել` հասկանալով յուրաքանչյուր մասնագիտական ոլորտի ուժեղ և թույլ կողմերը:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բուհերն առաջիկայում ՈԱԱԿ ներկայացնեն մասնագիտության կրթական ծրագրերի խմբավորման իրենց մոտեցումները`գործընթացի` երկրի համար ընդունելի ու կիրառելի մեխանիզմներ սահմանելու համար: