Այսօր «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը շարունակեց իր աշխատանքները: Երկօրյա համաժողովը մեկնարկել էր երեկ՝ դեկտեմբերի 4-ին:
ՈԱԱԿ աշխատակից Վարդուհի Գյուլազյանն ամփոփեց նախորդ օրվա քննարկումների արդյունքները, որից հետո ՈԱԱԿ փորձագետ, ՀՊՄՀ պրակտիկայի վարչության ղեկավար Վահան Սարգսյանը և ՈԱԱԿ փորձագետ-ուսանող Արմինե Յարալովան ներկայացրեցին փորձագիտական զեկույցների միջոցով շահակիցների հետ հաղորդակցության առանձնահատկությունները, մասնագիտական բառապաշարի յուրահատկությունները:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը ներկայացրեցին ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, անդրադարձ կատարվեց առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրման նոր փուլին: Պարոն Մակարյանը նշեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհերի համար ծրագրային հավատարմագրման գործընթացում անծանոթ ոչինչ չի լինի: Ըստ հավատարմագրման կարգի՝ ծրագրային հավատարմագրում կարող են անցնել միայն բուհերը, որոնք արդեն իսկ ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցել: Իսկ մնացած բուհերին ՈԱԱԿ-ը կարող է տրամադրել միայն փորձագիտական եզրակացություն, սակայն հավատարմագրման հանձնաժողովը որոշում չի կայացնի: Մասնակիցների հետ քննարկվեց նաև ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը:
Բելգիացի փորձագետ Ռոմեին Հուլպիան զեկույց ներկայացրեց ծրագրային հավատարմագրման կազմակերպման առանձնահատկությունների մասին, իսկ ՀԱՀ ուսումնական պլանների մշակման հանձնաժողովի նախագահ Կատրին Բաունը խոսեց կրթական ծրագրերի վերլուծության միջոցով ինստիտուցիոնալ որակի ապահովման մասին: ԿԳՆ ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանի մասնակցությամբ քննարկվեց նաև մասնագիտությունների և որակավորումների ցանկը:
Օրվա ավարտին մասնակիցների համար խմբային աշխատաժողովներ կազմակերպվեցին ծրագրային հավատարմագրման գործընթացում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման վերաբերյալ: Աշխատաժողովները վարում էին միջազգային փորձագետներ Անդրե Գովարտը և Ռոմեին Հուլպիան:
Համաժողովով ամփոփվում է ՈԱԱԿ հայտարարած կրթության որակի ապահովման շաբաթը: Նախորդ հինգ օրերի ընթացքում ներկայացվել են «Տեմպուս»-ի ARARAT, ALIGN, TNE-QA, ARMENQA ծրագրերը, ամփոփվել են «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները:
ՈԱԱԿ-ը կրթության որակի ապահովման շաբաթն իրականացվում է երկու տարին մեկ պարբերականությամբ:
«Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» համաժողովի իրականացմանն աջակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Սբ. Թերեզայի անվան բժշկական համալսարանը, «Տեմպուս»-ի ARARAT, ALIGN, և TNE-QA ծրագրերը:
«Որակի ապահովման շաբաթի» ինֆորմացիոն հովանավորներն են «Առավոտ» օրաթերթը և «Անկախ» շաբաթաթերթը:
Որակի ապահովման շաբաթի մասին մանրամասների համար կարող եք այցելել www.anqa.am/qweek կայքէջ: