Առցանց ուսուցման որակի ապահովման խնդիրներն էին այսօր ՈԱԱԿ մասնագետների և բուհերի որակի ապահովման պատասխանատուների օնլայն հանդիպման օրակարգում։
Բուհերի որակի ապահովման պատասխանատուները ներկայացրեցին, թե ինչպես է իրենց բուհերում իրականացվում առցանց ուսուցումը և ինչպես է ապահովվում այդ գործընթացի որակը։
Որպես խնդիր նշվեց որոշ ուսանողների մոտ համակարգչի կամ որակյալ ինտերնետ կապի բացակայությունը, ինչը խոչընդոտում է նրանց ներգրավմանն առցանց դասերում։ Սակայն, այնուամենայնիվ, ՈԱ պատասխանատուները նշում են, որ առցանց ուսուցման պարագայում դասերին ուսանողների մասնակցության ցուցանիշը բարձր է։
Որպես մեկ այլ խնդիր ՈԱ մասնագետները նշեցին գործնական առարկաների դասավանդումը, այն է՝ ինչպես դասավանդման այլընտրանքային մեթոդների պարագայում վստահ լինել, որ ապահովվում է ակնկալվող վերջնարդյունքն այդ դասընթացների համար։ Հանդիպման մասնակցները ներկայացրեցին իրենց մոտեցումները և փորձը հարցի վերաբերյալ։
Նշվեց, որ բուհերը մշակել են կրթական գործընթացի հետագա կազմակերպման տարբեր սցենարներ՝ պատրաստ լինելով տարատեսակ զարգացումների։ Միևնույն ժամանակ, խնդիր է մնում ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունը, պրակտիկաների կազմակերպումը, եթե արտակարգ դրությունը երկարաձգվի։
ՈԱ մասնագետները ներկայացրեցին նաև առցանց ուսուցման արդյունքում կուտակված դրական փորձը, որն արտակարգ դրության ավարտից հետո զարգացնելու և կիրառելու են կրթական գործընթացում։
Քննարկվեց նաև ՈԱ պատասխանատուների դերը և պատասխանատվությունն ուսումնական հաստատությունում որակի ապահովման գործում։ Շեշտվեց, որ որքան էլ ակտիվ աշխատի բուհի որակի ապահովման կենտրոնը, եթե պատասխանատվությունները բուհում ճիշտ չեն բաշխված և համագործակցությունը ստորաբաժանումների միջև արդյունավետ չէ, որակի ապահովումը բուհում համակարգային բնույթ չի ստանա։