ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով` նվիրված մաթեմատիկայի ուսուցման Math-Bridge օն-լայն համակարգին:
Աշխատաժողովին մասնակցեց նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ծրագրային և ինստիտուցիոնալ հավատարմագրման բաժնի ղեկավար, ՈԱԱԿ-ում MathGeAr ծրագրի համակարգող Անուշավան Մակարյանը: Նա զեկույցով հանդես եկավ` ծրագրի մյուս շահակիցներին ներկայացնելով STEM մասնագիտությունների համար հայաստանյան բուհերի վերանայված կրթական ծրագրերի մաթեմատիկական բաղադրիչի վերլուծությունը և բարձրագույն մաթեմատիկայի դասավանդման նոր մոտեցումները:
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Սաարբրյուքենում կայացած աշխատաժողովում քննարկվեցին նաև Math-Bridge-ի ընձեռած դասավանդման նոր մեթոդների հնարավորությունները, համակարգում կրթական նյութերի հետագա զարգացումը, ուսումնական հարթակի կիրառման առանձնահատկությունները և այլն:
Math-Bridge-ը բարձրագույն մաթեմատիկայի դասավանդման առաջին համաեվրոպական միասնական օն-լայն հարթակն է, որտեղ հազարավոր դասընթացների ծրագրեր հասանելի են յոթ լեզուներով`ընտրության լայն հնարավորություն ստեղծելով դասախոսների և ուսանողներիի համար: MathGeAr ծրագրի շրջանակներում առաջիկայում հարթակը կհամալրվի նաև հայալեզու և վրացալեզու բովանդակությամբ:
MathGeAr–ը Հարավային Կովկասի համալսարաններում STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մաթեմատիկայի դասավանդման ծրագրերի արդիականացմանը միտված եռամյա ծրագիր է (2013-2016): Ծրագրի նպատակն է բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի կրթական և առարկայական ծրագրերի բովանդակությունը և ուսուցման կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար: