Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների`սպասվող հավատարմագրման գործընթացը և առկա խնդիրները քննարկվեցին այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում քոլեջների տնօրենների և ՈԱԱԿ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Քոլեջների տնօրենների հետ հանդիպմանը ներկա էին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը, բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը, շահակիցների հետ կապի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը և այլք:
Պարոն Թոփչյանը, կարևորելով ուսումնական հաստատության և գործատուի արդյունավետ երկխոսությունը, ուսանողներին պահանջված և որակյալ կրթություն մատուցելը, նշեց, որ որակի ապահովման գործընթացներն այդ ամենին քայլ առ քայլ հասնելու լավագույն միջոցն են: Նա շեշտեց, որ գործընթացի արդյունքում մեծանում է ՄՈՒՀ-երի թե ինքնուրույնությունը, թե հաշվետվողականությունը:
Ռ. Թոփչյանը ներկայացրեց միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ մինչ այս իրականացրած աշխատանքը. 12 պետական տարածաշրջանային քոլեջներում ՈԱԱԿ աջակցությամբ պատրաստվել են մասնագետներ, ներդրվել է որակի ապահովման ներքին համակարգ, մեկնարկել է փորձնական հավատարմագրման գործընթացը:Բացի այդ, դասընթացների ու վերապատրաստումների միջոցով մասնագետներ են պատրաստվում նաև մյուս քոլեջների համար:
Պարոն Մակարյանը քոլեջների տնօրեններին ներկայացրեց ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Ապա քննարկվեց քոլեջներում որակի ներքին ապահովման համակարգի ներդրման փորձը, ձեռքբերումներն ու խնդիրները:
Քոլեջների տնօրենները բարձրաձայնեցին նաև իրենց հուզող հարցերը, մասնավորապես մտահոգություն հայտնեցին, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար վաղ է ընդգրկվել որակի ապահովման և հավատարմագրման գործընթացներում, քանի որ դեռևս պատրաստ չեն: Քննարկման արդյունքում, սակայն, քոլեջների ներկայացուցիչները համոզվեցին, որ որքան վաղ ընդգրկվեն գործընթացում, այնքան ավելի մեծ փորձ ձեռք կբերեն և ավելի մրցունակ կլինեն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը և քայլեր ձեռնարկել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգի ներդրման և որակի մշակույթի կայացման ուղղությամբ: