Ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով առաջիկայում փորձագիտական այցեր տեղի կունենան 6 քոլեջներ. Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի բազային քոլեջ, Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջ, Արմավիրի պետական քոլեջ, Ալավերդու պետական քոլեջ, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ:
Սեպտեմբերի 11-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՈԱԱԿ տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի, 6 քոլեջների փորձագիտական խմբերի անդամների և համակարգողների մասնակցությամբ:
Հանդիպման առանցքային թեման ՄՈՒՀ-երի նախնական գնահատման արդյունքում դուրս բերված խոշոր խնդիրներն էին և փորձագիտական այցի առանձնահատկությունները:
Կարևորվեց, որ այցի ընթացքում փորձագետներն աշխատեն փոխվստահության մթնոլորտում: Շեշտադրվեց, որ փորձագիտական զեկույցները լինեն հնարավորինս պարզ և խնդիրներ վեր հանող, իսկ բարելավման խորհրդատվությունը՝ թիրախային և լուծման ուղին մատնանշող:
Անդրադարձ կատարվեց նաև.
- կրթության կազմակերպման խնդիրներին,
- տվյալահենք որոշումների կայացմանը և ռազմավարական կառավարմանը,
- ՄՈՒՀ-երի կողմից շնորհած որակավորումների արժանահավատությանը:
Քննարկվեց հավատարմագրման ազդեցությունը ՄՈՒՀ-երի վրա, այդ թվում՝ ՄԿԾ-ների բարելավման գործընթացը, դասավանդման ընթացքում գործատուի միջավայրից բխող առաջադրանքների առկայությունը, վերջնարդյունքների և գնահատման չափանիշների փոխկապակցվածությունը: