Արցախի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման հնարավորությունը քննարկվեց այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամ է, գրանցված է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR), և ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված բուհերը տեսանելի են եվրոպական կրթական տարածքում։ Հաշվի առնելով ՈԱԱԿ-ի ճանաչելիությունը միջազգային ասպարեզում՝ պարոն Սարգսյանը նշեց, որ ավելի նպատակահարմար է, որ ՈԱԱԿ-ն որակի հավաստման գործընթացներ իրականացնի Արցախի բուհերում, ոչ թե տեղում նոր որակի ապահովման գործակալություն հիմնեն։
Պարոն Թոփչյանը ԱՀ կրթության փոխնախարարին ներկայացրեց ՈԱԱԿ հավատարմագրման կարգը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացները, դրանց առանձնահատկությունները։ Քննարկվեց բուհերում որակի ներքին և արտաքին ապահովումը, տեղական և միջազգային փորձը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՈԱԱԿ-ի կողմից պարբերաբար իրականացվող կրթության որակի ապահովմանը նվիրված առաջիկա դասընթացին հրավիրել մասնակիցների նաև Արցախի բուհերից։