Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացների կազմակերպման և այդ առումով առկա խնդիրների քննարկման նպատակով ՈԱԱԿ-ը նախաձեռնել է ոլորտի պատասխանատուների հետ քննարկումներ և ուսումնական հաստատություններ այցելություններ։
Կենտրոնում օրերս կայացավ հանդիպումը, որտեղ քննարկվում էին նախանական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացի անցումային փուլի կազմակերպման, պետական կրթական չափորոշիչների կիրարկման ու ՈԱԱԿ որակի չափորոշչիների ներկայացման ու փորձարկման վերաբերյալ հարցերը։ Հանդիպմանը մասնակցում էին ԿԳ նախարարի խորհրդական Ռ. Աբրահամյանը, ԿԱԻ-ի փոխտնօրեն Տ. Սահակյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Ս. Պիպոյանը և փոխտնօրեն Ա. Սահրադյանը, Գլոբալ զարգացումներ հիմնադրամի տնօրեն Ա. Ավայանը և մայրաքաղաքի մի քանի քոլեջների տնօրեններ։
Կենտրոնի տնօրեն Ռ. Թոփչյանը ներկայացնելով ՈԱԱԿ մոտեցումը՝ նշեց, որ ի տարբերություն բուհերի, ՄԿՈՒ ոլորտում անցումային փուլն այլ կերպ կարող է կազմակերպվել, քանի որ արդեն կան հաստատված պետական կրթական նոր չափորոշիչներ։ Ու չնայած նոր չափորոշիչներն աշխատաշուկա-կրթություն կապն արտացոլելու տեսանկյունից խնդիրներ ունեն, ինչին համակարծիք էին քննարկման մասնակիցները, դրանց ու ՈԱԱԿ-ի որակ չափորոշիչների նախագծի համաձայն՝ կարելի է ու անհրաժեշտ ՄԿՈՒ հաստատությունների հետ սկսել աշխատանքը։ Քննարկման արդյունքում մասնակիցները համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ հավատարմագրման նախապատրաստման փուլում ուսումնական հաստատությունների հետ անհրաժեշտ է աշխատել որակի ապահովման գործընթացի բոլոր 7 տիրույթների ուղղությամբ, այսինքն՝ համալիր մոտեցում ցուցաբերել։ Դրանք են՝ ինստիտուցիոնալ/ենթակառուցվածքային կարողություններ, կրթական ծրագրեր, ուսանողակենտրոն մոտեցում, գիտելիքի կառավարում, տեղեկատվության կառավարում, ֆինանսավորում և որակի մշակույթ։ Ընդ որում՝ պետք է տարբեր ձերով նպաստել ու խթանել դասախոսների՝ որպես որակի անմիջական կրողների ու առաջ մղողների ակտիվ մասնակցությանն այս գործընթացներում։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև այս ուղղությամբ ՈԱԱԿ առաջարկը՝ դասախոսների առանձին հավատարմագրում իրականացնելու մասին։ Այն կօգնի վերջիններիս համակազմից դուրս բերել ակտիվներին ու նախաձեռնողներին և խրախուսել նրանց՝ դարձնելով համակարգի զարգացման լոկոմոտիվ։
Հանդիպման ավարտին համաձայնություն ձեռք բերվեց առաջիկայում շահագրիռ կողմերի մասնակցությամբ ՈԱԱԿ որակի ապահովման չափանիշների քննարկում, որից հետո նաև՝ մի քանի քոլեջներում դրանց փորձարկումը կազմակերպելու մասին։