Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր հանդիպում տեղի ունեցավ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Օրակարգում Հայաստանում հեռավար կրթության առկա վիճակի և հեռանկարների քննարկումն էր։
ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մասնագետները ներկայացրեցին հեռավար կրթության ոլորտում իրենց փորձը, մոտեցումները, օրենսդրական կարգավորումն ու բացերը, հեռավար կրթություն իրականացնելու անհրաժեշտ պայմանները և այլն։ Նշվեց, որ հեռավար կրթությունը առավել մեծ պատասխանատվություն և աշխատանք է ենթադրում, տեխնոլոգիաների շնորհիվ նաև տեսանելի ու չափելի են ուսանող-դասախոս շփման ծավալները, ուսանողի առաջընթացը և այլն։
Քննարկման ընթացքում կողմերը համաձայնեցին, որ առավել արդյունավետ է հեռավար և առկա կրթության համատեղմամբ ստեղծված հիբրիդային տարբերակը, երբ ուսանողը ուսուցման մի մասն անցկացնում է բուհում, գիտելիքի և առաջադրանքների մի մասն էլ հեռավար կրթությամբ է ստանում։ Տեսակետ հնչեց նաև, որ հեռակա կրթությունը հետագայում կարող է փոխարինվել հեռավար կրթությամբ։
ՈԱԱԿ ներկայացուցիչները կարևորեցին հեռավար կրթության զարգացումը Հայաստանում, քանի որ այն հնարավորություն է տալիս դասավանդման գործընթացում ներգրավել ինչպես միջազգային հեղինակավոր մասնագետների, այնպես էլ գործատուների, որոնք չեն ցանկանում ճանապարհի վրա ժամանակ կորցնել և կտրվել աշխատանքային միջավայրից։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն առաջարկեց քայլեր ձեռնարկել նաև հեռավար կրթության որակի ապահովման և հետագա հավատարմագրման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները հեռավար կրթության վերաբերյալ։