Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի անդամների հետ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում» հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման նպատակը ծանոթությունն էր կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև՝ հավատարմագրման գործընթացի խնդիրների քննարկումը:
Ներկայացնելով հավատարմագրման գործընթացը` ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նախ ներկայացրեց որակի հավաստման գործընթացի հիմնական նպատակները՝ խթանել որակյալ կրթության իրականացումը, նպաստել միջազգայնորեն համադրելի ու մրցունակ կրթական համակարգի ձևավորմանը, ՄՈՒՀ-երի ակադեմիական ազատություններին և ինքնավարության զարգացմանը, ինչպես նաև` ապահովել կրթական դաշտի թափանցիկությունը: Այդպիսով խնդիր է դրվելու լուծել համակարգի մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝ մասնագիտական կրթության համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին, կրթական համակարգի արդյունավետության բարձրացումը,ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովումը, կրթության համապատասխանեցումը պետական կրթական չափորոշիչներին։ Ռուբեն Թոփչյանն անդրադարձավ նաև այն հիմնական սկզբունքներին ու մոտեցումներին, որոնցով առաջնորդվելու է կենտրոնն` իր գործառույթներն իրականացնելիս։ Մասնավորապես, նշվեց, որ հավատարմագրման գործընթացն իրականացվելու է` հիմք ընդունելով որակավորումների ազգային շրջանակը, պետական կրթական չափորոշիչները, ՈԱԱԿ-ի մշակած չափանիշները և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներից բխող միջազգային երաշխավորությունները և ուղենիշները:
Հավատարմագրման համար ոչ պետական ու պետական մուհերին ներկայացվելիք պահանջների նույնականության ու դաշտում իրավահավասարության ապահովման առումով ոչ պետական բուհերի ռեկտորների մտահոգությանն ի պատասխան Ռ. Թոփչյանը վստահեցրեց, որ չափորոշիչներն ու մոտեցումները բոլորի համար նույնն են լինելու։ Ընդհանուր ու միասնական մոտեցում ցուցաբերելով էլ՝ այսօր ՈԱԱԿ-ը պետական ու ոչ պետական մուհերի վերաբերյալ տեղեկատվական բազայի ձևավորման համար առաջարկել է լրացնել նույն հարցաշարերը։ Դրանք հնարավորություն կտան հստակ պատկերացում կազմել մուհերում տիրող իրավիճակի մասին, իսկ հետագայում կդյուրինացնեն ՈԱԱԿ փորձագետների աշխատանքը։ Իհարկե, հարցաշարը ինչ-որ առումով որպես ուղեցույց շատ մուհերի կարող է օգտակար լինել. ներկայացված հարցերը կհուշեն նրանց, թե իրենց գործունեության ո՞ր ուղղություններին ուշադրություն դարձնեն, փաստաթղթավորման կամ կազմակերպչական տեսանկյունից ի՞նչ բացեր ունեն լրացնելու։
Մուհերում որակի ներքին ապահովման գործընթացի մեկնարկի ու մշակույթի ձևավորման առումով Ռ. Թոփչյանը կարևորեց կրթական հաստատություններում որակի պատասխանատուների աշխատանքը։ Նրանց գործունեության արդյունավետության բարձրացման համար ՈԱԱԿ-ը պատրաստ է օգնել խորհրդատվությամբ։
Ոչ պետական բուհերի ռեկտորները հարց բարձրացրեցին մասնագիտական կրթական նոր չափորոշիչների ու Որակավորումների ազգային շրջանակի մշակման անհրաժեշտության վերաբերյալ։ Նրանց խոսքով, դրանց հստակեցումը հավատարմագրման գործընթացի համար չփազանց կարևոր է։
Հանդիպան վերջում մասնակիցները տեղեկացվեցին, որ ՈԱԱԿ-ն առաջիկայում կսկսի հավատարմագրման համար փորձագետների բազայի ձևավորման աշխահանքները։ Այդ նպատակով բոլոր մուհերը կարող են ներկայացնել փորձագետների թեկնածություններ՝ ուսանողներից սկսած մինչև գործատուներ և կրթական համակարգի ներկայացուցիչներ: