Նոյեմբերի 27-29-ը Գերմանիայի որակի ապահովման գործակալությունը (AQAS) և Քյոլնի տեխնոլոգիական համալսարանը հյուրընկալեցին ENQA առաջնորդության զարգացման ծրագրի 2024թ․ երրորդ և վերջին դասընթաց-աշխատաժողովը՝ մեկ հարկի տակ միավորելով Եվրոպական կրթական տարածքի որակի ապահովման առաջատար մասնագետներին։ Աշխատաժողովի մասնակիցների շարքում էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց առաջնորդությանը, փոփոխությունների կառավարմանը և որակի ապահովմանը հատկապես ժամանակակից մարտահրավերների համատեքստում, ինչպիսիք են թվային գործիքների և արհեստական բանականության (AI) ինտեգրումը: Աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան դիտարկելու Քյոլնի տեխնոլոգիական համալսարանի որակի ներքին ապահովման համակարգը, այցելել Գերմանիայի որակի ապահովման գործակալություն, ծանոթանալ Գերմանիայի որակի արտաքին ապահովման համակարգին, առաջնորդության թեմայով հարցազրույց ունենալ AQAS-ի գործադիր տնօրեն, Միջազգային բաժնի ղեկավար Դորիս Հերմանի հետ։ Ծրագրի շրջանակներում ձևավորված 4 թիմերը նաև ներկայացրին իրենց հետազոտությունների արդյունքները։
Վարդուհի Գյուլազյանը թիմակիցների հետ Նորվեգիայից, Իտալիայից, Լիտվայից և Սերբիայից ներկայացրեց «Թվային գործիքների, այդ թվում՝ արհեստական բանականության (AI) օգտագործումը բարձրագույն կրթության և որակի արտաքին ապահովման ոլորտում» թեմայով հետազոտության արդյունքները, որն իրականացվել էր NVAO Ֆլանդրիայի գործադիր տնօրեն Աքսել Աերդենի ղեկավարությամբ:
Հետազոտության շրջանակներում, կիրառելով ChatGPT-4 և Microsoft Copilot գործիքները, Վ․ Գյուլազյանը վերլուծել է ՈԱ գործընթացներում ԱԲ ներդրման առավելություններն ու ռիսկերը, ԱԲ միջոցով փորձագիտական զեկույցների համահունչությունն ու վստահելիությունն ապահովելու հնարավորությունները։
Աշխատաժողովը նաև մասնակիցներին հնարավորություն տվեց համագործակցելու և գիտելիքներ փոխանակելու՝ նպատակ ունենալով լուծել որակի ապահովման համատեղ մարտահրավերները:
2018 թվականից մեկնարկած ENQA Առաջնորդության զարգացման ծրագիրը նախատեսված է ENQA անդամ գործակալությունների` ղեկավար պաշտոն զբաղեցնող և մասնագիտական մեծ պոտենցիալ ունեցող մասնագետների համար։ Ծրագրի նպատակն է կատարելագործել մասնակիցների առաջնորդական հմտությունները, տրամադրել տեղեկատվություն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում զարգացումների մասին և նպաստել միջազգային համագործակցությանը:
Վ․ Գյուլազյանի մասնակցությունն այս հեղինակավոր ծրագրին հնարավոր է դարձել Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի շնորհիվ։