Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը հուլիսի 7-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Մշտադիտարկման ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը շեշտադրեց, որ կրթության որակի ապահովումը փոփոխությունների կառավարումն է, որին կարելի է հասնել բուհերի տարբեր օղակներում հաղորդակցության ակտիվացման միջոցով:
Ֆակուլտետների, ամբիոնների պետերի և դասախոսների հետ քննարկման ընթացքում ընգծվեց ռազմական ոլորտում հետազոտությունների կարևորությունը, հետազոտված տվյալների հիման վրա որոշումների կայացումը: Այստեղ կարևորվեց հատկապես հետազոտությունների պլանի և սահմանված հստակ ուղղությունների առկայությունը, որը կբխի Հայաստանի Հանրապետության և Պաշտպանության նախարարության անմիջական պահանջներից:
Այցի ընթացքում քննակվեցին ծրագրային հավատարմագրման ուղղությամբ բուհի ներքին կարողությունների զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը: Համալսարանի ղեկավար կազմը ներկայացրեց հաստատության գրավչության ավելացման ուղղությամբ կատարված գործընթացները, մասնավորապես՝ դպրոցների և բուհերի հետ շարունակական համագործակցությունը: Մշտադիտարկման առանցքում էին նաև.
- մասնագիտության կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրումը՝ ռազմական հետազոտությունների ոլորտում առաջատար հաստատություն դառնալու համար,
- գործող մագիստրոսական կրթական ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը,
- դասախոսական կազմի վերապատրաստման գործընթացները,
- կուրսանտական կազմի պրակտիկաների կազմակերպման առանձնահատկությունները,
- նախորդ հավատարմագրումից հետո հաստատության կրթական ծրագրերում տեղի ունեցած փոփոխությունները,
- օտար լեզուների ինտեգրման անհրաժեշտությունը կրթական ծրագրերում, այդ լեզուներով մասնագիտական արդի գրականության ուսումնասիրման մեխանիզմների ներդրումը:
Մշտադիտարկման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները նաև շրջայց կատարեցին համալսարանի նորաստեղծ լեզուների կենտրոնում, որը հիմնվել է նախորդ փորձաքննության արդյունքում տրված խորհրդատվության հիման վրա:
Նշենք, որ համալսարանը ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել 2018 թվականին՝ 4 տարի ժամկետով։
Նկարները՝ ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ֆեյսբուքյան էջից։