Սթ. մայիսի 20-ից մեկնարկել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /ՀՊՃՀ/ փորձնական հավատարմագրման գործընթացի հաջորդ՝ այցի փուլը, որը կավարտվի մայիսի 24-ին: Համալսարանում կա 19 ֆակուլտետ, որտեղ սովորում են ավելի քան 10 000 ուսանող: ԲՈՒՀ-ն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում և Կապանում:
«Բոլոնիայի հռչակագիրը վավերացրած բոլոր երկրների համար որակի ապահովումը պարտադիր գործընթաց է: Համաձայն հավատարմագրման կարգի, համալսարանը մինչև այս փուլը «Որակի ապահովագրման ազգային կենտրոն» հիմնադրամին /ՈԱԱԿ/ ներկայացրել է ինքնավերլուծություն, որը համապատասխանում է հիմնադրամի կողմից մշակված ձևաչափին: Ելնելով նշված ինքնավերլուծությունից, փորձագետների խումբը ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ կազմել է գործողությունների պլան, որով առաջնորդվելու է այս գործընթացի ժամանակ», նշեց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Այս փուլի աշխատանքային ծրագիր բավականին հագեցած է, որը ներառում է հանդիպուներ ու քննարկումներ ռեկտորի ու պրոռեկտորների, ամբիոնի վարիչների, դասախոսների, ինքնավերլուծությունն իրականացրած խմբի, ինչպես նաև ԲՈՒՀ-ի ուսանողների հետ: Այցի ընթացքում կուսումնասիրվեն նաև կրթօջախում առկա ռեսուրսները և համապատասխան փաստաթղթերը՝ ինքնավերլուծության մեջ զետեղված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով:
Հիշեցնենք, որ փորձագետների խմբում ընդգրված են Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանի Մաթեմատիկայի և բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, Կրթության և գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը, ով հանդիսանում է փորձագիտական խմբի ղեկավարը, Երևանի պետական համալսարանի /ԵՊՀ/ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Էդվարդ Դանոյանը և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի՝ Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ Գրիգոր Ալավերդյանը, ինչպես նաև ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանող Լաուրա Սիմոնյանը: Խմբում ընդգրկված է նաև միջազգային փորձագետ Դեյվիդ Վուդհաուսը: Նա Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի նախագահն է և որակի ապահովման համակարգ է ներդրել Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և Հոն Կոնգում: Դեյվիդ Վուդհաուսը 2007-ից մինչև 2011 թվականները նախագահել է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցը:
«Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը պարզաբանեց, որ այցի ավարտից հետո փորձագետները կամփոփեն իրենց կատարած ուսումնասիրությունների ու դիտարկումների արդյունքները, ինչպես նաև կներկայացնեն նախնական զեկույց համալսարանում կրթության որակի բարելավման հետագա քայլերի մասին:
Փորձնական հավատարմագրման գործընթացն իրականացվում է Համաշխարհային բանկի դրամաշնորհով՝ հայաստանյան ԲՈՒՀ-երում իրականացվող փորձնական ենթակառուցվածքային հավատարմագրման շրջանակում:
Մեր կայքում կարող եք նաև ծանոթանալ այցի վերջնական արդյունքների մասին: