Առաջին անգամ փորձնական հավատարմագրում է անցնում Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջը: Որակի արտաքին գնահատման`հավատարմագրման նպատակով մայիսի 3-ին մեկնարկել է փորձագիտական այցը:
Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին (ՈԱԱԿ) ներկայացրել է ինքնավերլուծություն` ըստ մշակված ձեւաչափի: ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում փորձագետները ուսումնասիրել են ինքնավերլուծությունը, կազմել գործողությունների պլան, դուրս են բերել մի շարք հարցեր, որով առաջնորդվելու են այցի ընթացքում: Հնգօրյա այցի ընթացքում փորձագետները կհանդիպեն դասախոսների, ուսանողների, քոլեջի վարչական անձնակազմի, ինքնավերլուծությունն իրականացրած խմբի հետ, կդիտարկեն առկա ռեսուրսները, կուսմնասիրեն փաստաթղթերը` ձեռք բերելու տեղեկություններ հաստատության գործունեության վերաբերյալ եւ պարզելու ինքնավերլուծության մեջ նշված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը:
Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները և կներկայացնեն նախնական զեկույց քոլեջի հետագա բարելավման մասին: