ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և իրավաբան Օֆելյա Պետրոսյանը Բոլոնիայի հետամուտ խմբի Որակի ապահովման թեմատիկ խմբի IMINQA աշխատակազմի շարժունության ծրագրի շրջանակներում փորձի փոխանակման նպատակով այցելել են Իտալական համալսարանների և հետազոտական կազմակերպությունների գնահատման ազգային կազմակերպություն (ANVUR)։
Անձնակազմի շարժունության ծրագրի ընթացքում ՈԱԱԿ աշխատակիցները ծանոթացել են Իտալիայում նախնական հավատարմագրման գործընթացի կազմակերպման սկզբունքներին, դիտարկել են տվյալների հավաքագրման բազաների աշխատանքը: Իտալական բարձրագույն կրթական համակարգի մեկ այլ առանձնահատկություն է ուսանողի առաջընթացի արձանագրումը համալսարանների կողմից, որը ցույց է տալիս՝ ինչպիսի մուտքային տվյալներով է ուսանողը ընդունվել, ինչ առարկաներ է ուսումնասիրել, ակադեմիական ինչպիսի ցուցանիշներ ունի և այլն:
Քննարկվել է նաև գործունեության առանցքային ցուցանիշների (KPI) կարևորությունը պարբերական մշտադիտարկումների կազմակերպման համար։
Այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները կիսվել են ՀՀ-ում հավատարմագրման գործընթացի իրականացման փորձառությամբ։ Մասնակից երկրների ներկայացուցիչները որպես լավ փորձ են դիտարկել ՀՀ-ում հավատարմագրման գործընթացի միջազգային բաղադրիչը, ինչը ներառում է միջազգային փորձագետների ներգրավում և ամբողջ գործընթացի երկլեզու կազմակերպում։
ՈԱԱԿ ներկայցուցիչների համար այցը հատկանշական էր, քանի որ իտալական բարձրագույն կրթության ոլորտի փորձի ուսումնասիրումը հիմք կհանդիսանա հետագայում բարելավման առաջարկությունների մշակման համար, ինչպիսիք են նախնական հավատարմագրման ձևաչափի մշակումը և ուսանողների առաջընթացը ներկայացնող տվյալների բազայի ստեղծումը։