Մարտի 26-ին ՀՊՃՀ Գիտական խորհդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՈԱԱԿ-ի տնօրեն Ռ. Թոփչյանի և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Ա. Մակարյանի հանդիպումը համալսարանի մի շարք ֆակուլտետների դեկանների, ստորաբաժանումների ղեկավարների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել հավատարմագրման գործընթացի շրջանակներում նախատեսվող փորձագիտական խմբի այցին ընդառաջ բուհի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները: Մասնակիցները նշեցին, որ այս փուլում տեղի է ունենում համալսարանի ինքնավերլուծության ակտիվ քննարկում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության կողմից, իսկ աշխատանքային խմբը հավաքում է նրանց արձագանքները: ՈԱԱԿ-ի տնօրեն Ռ. Թոփչյանը նշեց, որ փորձագետները հիմնականում կանդրառանան այն հարցին, թե ինչքանո՞վ է ամբողջ բուհը տեղեկացված իրականացված ինքնավերլուծության արդյունքներից և ի՞նչ քայլեր է ձեռնարկում ինքնվերլուծությունում նշված խնդիրների հաղթահարման ուղղությամբ:
Անդրադարձ կատարվեց նաև փորձագիտական այցի կազմակերպման և իրականացման մանրամասներին. նշվեց, որ մայիսի 20-ից նախատեսվող 5-օրյա այցի ընթացքում փորձագետները կուսումնասիրեն համալսարանում տեղի ունեցող գործընթացները և առկա ռեսուրսները`լաբորատորիաներ, գրադարաններ և այլն, տեղի կունենան մի շարք հանդիպումներ ռեկտորի և պրոռեկտորների, ուսանողության, դասախոսական և վարչական կազմերի ներկայացուցիչների հետ և այլն: Փորձագիտական խմբի կազմում ընդգրված են Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի Մաթեմատիկայի և բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, Կրթության և գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը, ով հանդիսանում է փորձագիտական խմբի ղեկավար, Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի Մաթեմատիկայի և բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտի փոխտնօրեն, Համակարգային ծրագրավորման ամբիոնի վարիչ Վլադիմիր Եղիազարյանը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի, Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ Գրիգոր Ալավերդյանը, փորձագիտական խմբում ներգրավված է նաև ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանող Լաուրա Սիմոնյանը: Տեղացի մասնագետների հետ միասին կաշխատի նաև միջազգային փորձագետ Դեյվիդ Վուդհաուսը, ով Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի նախագահն է և հավատարմագրման միջազգային մեծ փորձառություն ունի:
Վերջում մասնակիցները կարևորեցին նմանատիպ հանդիպումների կազմակերպումը և դրանց պարբերական դարձնելու անհրաժեշտությունը: