ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցով հունվարի 22-ին սկսվեց ՈԱԱԿ-ի փորձնական երկրորդ ծրագրի բուհեր այցելությունների փուլը։ Ծրագրի նպատակն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների փորձաքննության մեխանիզմների ու ընթացակարգերի փորձարկումն է։ Դրանում ընդգրկված է պետական ու ոչ պետական 4 հաստատություն։
Ընթացակարգերի համաձայն՝ մինչ այցելությունը ՈԱԱԿ փորձագետներն ուսումնասիրել էին ուսումնական հաստատության ներկայացրած ինքնավերլուծությունը, որն իրականացվել էր կենտրոնի կազմած ձևաչափով։ Ինքնավերլուծության ուսումնասիրության արդյունքում առաջացած հարցերը պարզաբանելու նպատակով, նախանշված ընթացակարգի համաձայն, փորձագետներն ու ՈԱԱԿ ներկայացուցիչները հանդիպեցին բուհի ղեկավարությանը, որակի հանձնաժողովին, դասախոսներին և ուսանողներին։
Բուհի ղեկավարության ու որակի պատասխանատուների խոսքով, իրենց համար նոր ու աննախադեպ այս գործընթացն աշխատատար է, սակայն նաև շատ օգտակար։
Ինքնավերլուծության ձևաչափում առկա նոր մեթոդների շնորհիվ բուհն առաջին անգամ համապարփակ ի մի է բերում իր աշխատանքները, ինքը պարզում է գործունեության այնպիսի ուղղություններ, որոնք կանոնակարգման ու փաստաթղթավորման անհրաժեշտություն ունեն։ Հարցաշարն այս առումով նաև ուղեցույցի դեր է կատարում։ Իհարկե, ոլորտում տերմինաբանության և լեզվի հստակեցման խնդիր կա։
Այցի ընթացքում փորձագետներն իրականացրեցին փաստաթղթերի ուսումնասիրություն ու հատուկ ուշադրություն դարձրեցին նրան, թե որքանո՞վ են իրականում կիրառվում փաստաթղթերում ամրագրված ընթացակարգերը, քանի որ դա է որակի կարևոր ցուցիչներից մեկը։ Փորձաքննության արդյունքները կներկայացվեն փորձագիտական հատուկ զեկույցներում։ Դրանց հիման վրա էլ կկազմվի ամփոփիչ զեկույցը։
Հիշեցնենք, որ փորձնական ծրագրի շրջանակում իրականացված փորձաքննության արդյունքները բուհերի համար իրավական որևէ հետևանք չեն կարող ունենալ։