ՈԱԱԿ-ը խրախուսում է դասավանդման սեփական փորձի ներկայացումը և դրա վերաբերյալ գործընկերների տեսակետներն ու կառուցողական դատողությունները, որոնք միտված են դասավանդման որակի բարելավմանը:
ՈԱԱԿ-ը, կարևորելով բարելավման գործընթացների շարունակականությունը բուհերում, պատրաստում է փորձագետներ, ովքեր կկարողանան դիտարկել դասավանդման սեփական փորձը և հիմնավորել իրենց կայացրած որոշումները, ինչպես նաև բացահայտել բարելավման ենթակա ոլորտները և ընդհանրացված ու միևնույն ժամանակ թիրախային խորհրդատվություններ տալ:
Այս նպատակով ՈԱԱԿ-ը մայիսի 25,26 և 31-ին անցկացրեց փորձագետների եռօրյա վերապատրաստում: Այն իրականացնում էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչանը:
Առաջին օրվա հանդիպումն անցավ ծանոթացման և առավել բաց քննարկման ֆորմատով: Վերապատրաստումն իրականացնող ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակիցների հետ զրույց ծավալեց որակի շարունակական բարելավման, դասախոսների ունեցած դերի, դասավանդման մոտեցումների շուրջ: Հաջորդ հանդիպման համար վերապատրաստվողներին տրվել էր հանձնարարական ներկայացնել դասավանդման մոտեցումներում և մասնագիտական կրթական ծրագրերում իրականացրած սեփական որևէ լավ փորձի օրինակ:
Վերապետրաստման երկրորդ օրը մասնակիցները ներկայացրին իրենց լավ փորձը, գործընկերները հանդես եկան որպես արտաքին փորձագետներ և հարցեր ուղղեցին ՝լավ փորձի էությունը հասկանալու համար: Այս եղանակով մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ կիսվել իր փորձով, տրված հարցերի միջոցով վերլուծական հետհայաց գցել իր գործողություններին ու մոտեցումներին, ճիշտ ձևակերպել խնդիրների բացահայտմանը ուղղված հարցեր:
Վերապատրաստման վերջին օրվա համար մասնակիցներին նախապես ուղարկվել էր պայմանական հաստատության ինստիտուցիոնալ հավատարմագրման զեկույցի 3-րդ (մասնագիտական կրթական ծրագեր) չափանիշի վերաբերյալ փաստերն ու դատողությունները, և հանձնարարված էր դրանց հիման վրա նախապատրաստել հաստատությանը տրվելիք խորհրդատվություններ: Մասնակիցներից յուրաքանչյուրը հնավորություն ստացավ ներկայացնել իր խորհրդատվությունները և անմիջապես ստանալ դրանց վերաբերյալ հետադարձ կապ վերապատրաստումը իրականացնող ՈԱԱԿ տնօրենի կողմից: Ռուբեն Թոփչյանը օգնեց վերապատրաստվողներին առավել հստակ հասկանալ մատնանշված թերացումների համար արդյունավետ ու օգտակար խորհրդատվություններ գտնելու մեխանիզմները, հղկել խորհրդատվությունների ձևակերպումները:
Եռօրյա վերապատրաստման կառուցվածքը, տրամաբանությունը ու բովանդակային նման հաջորդականությունը մասնակիցներին հնարավորություն տվեց ուսումնասիրության տակ առնել ինչպես սեփական ու գործընկերների փորձը, բացահայտել առկա ուժեղ ու թույլ կողմերը, այնպես էլ արդեն իսկ մատնանշված թերացումների ուղղությամբ առաջարկել լուծումներ ու տալ խորհրդատվություններ:
Վերապարասման ավարտին մասնակիցները կարևորեցին այլ հաստատությունների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակումը, հավատարմագրման գործընթացին ծանոթանալու հնարավորությունը, որպես փորձագետ կառուցողական ու թիրախային քննադատելու հմտությունների ուսուցանումը , որպես դասախոսներ ինքնաքննադատության զարգացումը: Վերապատրաստման մասնակիցները հատկապես գնահատեցին վերապատրաստման ընձեռած ՝ առաջին անգամ իրենց և իրենց հաստատությանը ոչ թե ներսից, այլ արտաքինից հայացք գցելու և վերլուծելու հնարավորությունը: Ներգրավված մասնակիցները նշեցին, որ տեղի ունեցած հանդիպումների արդյուքնում ձեռք բերված գիտելիքները պատրաստ են կիրառել ինչպես փորձագիտական խմբերում ներգրավվելու դեպքում, այնպես էլ իրենց հաստատություններում դասավանդման որակի շարունակական բարելավման ուղղությամբ: