Նոյեմբերի 10-ին և 13-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ փորձագետների վերապատրաստման հերթական դասընթացը: Երկօրյա դասընթացի նպատակն էր ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների համար պատրաստել համապատասխան մասնագիտություններով փորձագետների, ովքեր կկարողանան վերլուծել և դուրս բերել ՄԿՈւ հաստատությունների ինստիտուցիոնալ խոշոր խնդիրները, լավագույն փորձը և տրամադրել բարելավման խորհրդատվություններ:
Ինչպե՞ս համոզվել, որ ՄՈՒՀ-ի կողմից շնորհվող որակավորումներն արժանահավատ են և ի՞նչն է խոչընդոտում աշխատաշուկա մուտք գործելուն պատրաստ մասնագետների թողարկմանը. այս հարցերն էին վերապատրաստման առանցքում:
Որակավորումների արժանահավատ շնորհման համար կարևորվեց.
- Գործատու դասավանդողների ներգրավումը ուսումնական հաստատություններում,
- գործատուների հետ համատեղ ռեսուրսների օգտագործումը,
- աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտական կարողություններ ձևավորող պրակտիկան,
- ուսանողներին հանձնարարվող առաջադրանքների համապատասխանությունը ՄԿԾ վերջնարդյունքներին,
- շրջանավարտների հետագծին հետևելը և դրա հիման վրա ՄԿԾ-ների բարեփոխումներ իրականացնելը:
Վերապատրաստումների արդյունքում մասնակիցները.
- ծանոթացել են հավատարմագրման գործընթացին և փորձագիտական աշխատանքի առանձնահատկություններին,
- փորձել են գնահատել ՄՈւՀ-ի համապատասխանությունը հավատարմագրման չափանիշներին,
- սովորել են բուհի առանձնահատկություններին և կարիքներին համահունչ հարցեր ձևակերպել և իրականացնել դատողություններ,
- բացահայտված կարիքներին համապատասխան առանձնացրել են խորհրդատվություններ։
Նշենք, որ ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպվող փորձագետների վերապատրաստման դասընթացները պարբերական բնույթ են կրում: