Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը մեկնարկել է 5 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և գործընթացի համակարգողները հանդիպեցին փորձագիտական խմբերի անդամներին՝ փորձագիտական այցերին ընդառաջ քննարկելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանն ու կրթական ծրագրերի բարելավմանն առնչվող մի շարք արդիական խնդիրներ։
«Խորհրդատվությունները պետք է լինեն առարկայական, հստակ ձևակերպված, իրագործելի։ Դրանք պետք է մատնանշեն ուսումնական հաստատության խնդիրների լուծման ճանապարհները». այսպիսին էր հանդիպման հիմնական ուղերձը։ Ըստ Ռուբեն Թոփչյանի՝ փորձագետի աշխատանքի առանցքում արդյունահենք խորհրդատվություններն են, որոնց հիմքում ընկած է իրավիճակի օբյեկտիվ վերլուծությունը, և որոնց հետևանքով ուսումնական հաստատությունը իրական առաջխաղացում կապրի։
Հատկապես մեր օրերում ակադեմիական կրթության դեմասիֆիկացիայի խնդիր կա. ուսանողները նախընտրում են մասնագիտություն ձեռք բերել կարճաժամկետ դասընթացների միջոցով և հստակ հմտությունների տիրապետելով։ Այս երևույթը ժամանակի մարտահրավերն է ինչպես միջին մասնագիտական, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: Փորձագետը պետք է կարողանա հակակշռող մեխանիզմներ, լուծումներ առաջարկել ուսումնական հաստատություններին, որոնց արդյունքում հաստատությունը կպահպանի իր մրցունակությունը:
Քննարկված հարցերի շրջանակը ներառում էր նաև․
- Կրթության կառավարումը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում․ ինչպե՞ս կառավարել սահմանափակ ռեսուրսների պայմաններում։
- Կրթական ծրագրերի արդիականացման հնարավորությունները՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։
- Գործատուների ներգրավումը դասավանդման գործընթացում պրակտիկ կարողությունների փոխանցման նպատակով։
Նշենք՝ այսօր մեկնարկել է Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական այցը։
Առաջիկայում կմեկնարկեն․
- Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի,
- Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի,
- Գավառի պետական բժշկական քոլեջի,
- Գյումրու պետական բժշկական քոլեջի փորձագիտական այցերը: