SMARTI ծրագրի շրջանակներում ՀՀ գործընկեր համալսարաններում ստեղծված EMI (Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) կենտրոնները և բուհերի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցել։ Այդ նպատակով փորձագետները մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առցանց հանդիպում-քննարկումներ են ունեցել բուհերի ռեկտորների, SMARTI ծրագրի և EMI կենտրոնների համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ:
Արտաքին գնահատման գործընթացը համակարգել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։ Արտաքին գնահատման արդյունքներն ամփոփվել են փորձագիտական զեկույցներում։
Հունիսի 10-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում բուհերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու փորձագիտական խորհրդատվությունների հիման վրա կազմվող Բարելավման ծրագրերի ձևաչափը։ Բարելավման ծրագրերը հիմք կհանդիսանան կենտրոնների հետագա գործունեության համար՝ ապահովելով SMARTI ծրագրի շնորհիվ ձեռքբերված արդյունքների պահպանումն ու կայուն զարգացումը։