Նոյեմբերի 2-7-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգմամբ փորձագիտական խումբն արտաքին գնահատում կիրականացնի Եվրոպական համալսարանում։
Նշենք, որ Եվրոպական համալսարանը 2018-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով։ Այժմ բուհը վերահավատարմագրում է անցնում։
Կոնորավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտաքին գնահատման գործընթացը կիրականացվի առցանց։
Ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների փորձագիտական գնահատման նպատակով հանդիպումներ տեղի կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման պատասխանատուների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուների, ուսանողների ու շրջանավարտների ներկայացուցիչների հետ։ Ի թիվս այլ թեմաների, ուշադրության կենտրոնում կլինեն թե բուհի նախկին բարելավման պլանի իրագործումն ու առկա արդյունքները, թե բուհի կառավարման և որակի ապահովման համակարգերի գործունեությունն արտակարգ իրավիճակներում և թե ապագայի տեսլականը և այդ ուղղությամբ իրականացվող գործողությունները։
Փորձագիտական խմբի ղեկավարն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։ Խմբի մյուս անդամներն են տնտեսագիտության դոկտոր, ՄԹ Բաթ Սփա համալսարանի դասախոս Իննա Պամորինան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ դասախոս, «Պարկ Գրուպ» ՍՊԸ ֆինանսական և իրավական հարցերով խորհրդատու, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ , Հայ-ռուսական համալսարանի դասախոս, Ռումինիայի Նոր Եվրոպա քոլեջի գիտայցելու Նորա Գևորգյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԲՊՀ դասախոս, Ֆինանսների նախարարության Օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վարչության պետ Լարիսա Հարությունյանը և Գավառի պետական համալսարանի ուսանողուհի Ալլա Սարգսյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Մինչ առցանց գործընթացը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, նախկին հավատարմագրման ժամանակ ներկայացված բարելավման ծրագրի իրագործման արդյունքները, նախնական գնահատում իրականացրել։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը առցանց մշտադիտարկումների և արտաքին գնահատումների համար որոշակի ընթացակարգ է մշակել՝ հաշվի առնելով թե տեղական, թե միջազգային փորձը։ Մինչ այս թե փորձագետների, թե բուհի ներկայացուցիչների հետ արտաքին գնահատման առցանց գործընթացի վերաբերյալ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, ներկայացվել են կարևոր նախապայմանները, հնարավոր խնդիրները և լուծման մոտեցումները։