Մեկնարկել է տարածաշրջանային պետական քոլեջների փորձնական փոխգնահատման գործընթացը: Մայիսի 19-ին երկու փորձագետներից կազմված փորձագիտական խումբը և ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակիցներ Լիլիթ Պիպոյանը և Վարդուհի Գյուլազյանն այցելեցին Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ:
Մինչ քոլեջ այցելությունների մեկնարկը տարածաշրջանային պետական քոլեջների աշխատակիցները որպես փորձագետներ վերապատրաստվել են ՈԱԱԿ-ում: Այնուհետև քոլեջներն ինքնավերլուծություն են կազմել երկու չափանիշներով՝ «Մասնագիտության կրթական ծրագրեր» և «Դասախոսական կազմ»: Տարածաշրջանային քոլեջների աշխատակիցներից կազմված փորձագիտական խմբերն ուսումնասիրել են բոլոր ինքնավերլուծությունները, այժմ քոլեջ այցելությունների փուլն է:
Այցելության ընթացքում փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունենում քոլեջի ղեկավարության և դասախոսական կազմի, մասնագիտության կրթական ծրագրերի պատասխանատուների, ուսանողների հետ, ուսումնասիրում փաստաթղթերը:
Այցելությունից հետո փորձագիտական խումբը զեկույց կկազմի՝ մատնանշելով գնահատվող քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի:
Տարածաշրջանային քոլեջների փորձնական արտաքին գնահատման նպատակն է նախապատրաստել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին ինստիտուցիոնալ հավատարմագրմանը, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների արտաքին գնահատման փորձ ունեցող փորձագիտական բազա ձևավորել: