Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) վերապատրաստում է իրականացնում փորձագիտական բազայում գրանցված մասնագետների համար։
Մեկնարկած քառօրյա դասընթացի նպատակն է ունենալ բարձրակարգ փորձագետներ, որոնք անկախ և անկողմնակալ արտաքին գնահատում կիրականացնեն ուսումնական հաստատություններում։
Վերապատրաստման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները տեսական ու գործնական առաջադրանքների միջոցով կանդրադառնան հետևյալ թեմաներին՝ «Հավատարմագրման գործընթաց, փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները», «Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության նախնական գնահատում։ Փորձագիտական այց», «Փորձագիտական նախնական զեկույցի նախապատրաստում»։ Վերապատրաստվող մասնագետները հանդիպում կունենան նաև հավատարմագրման գործընթացների մասնակցած փորձագետների հետ։
Վերապատրաստման արդյունքում մասնագետները կծանոթանան հավատարմագրման գործընթացին և փորձագիտական աշխատանքի առանձնահատկություններին, կսովորեն փորձագետի տեսանկյունից գնահատել բուհի համապատասխանությունը հավատարմագրման չափանիշներին, կկարողանան իրականացնել փորձագիտական նախնական գնահատում, փորձագիտական այց և գրել փորձագիտական զեկույց։
Փորձագետների համար կազմակերպվող դասընթացները շարունակական են լինելու։ Փորձագետին ներկայացվող պահանջներին ծանոթանալու և փորձագիտական բազայում գրանցվելու համար այցելեք ՈԱԱԿ կայքի «Փորձագետներ» բաժին։