Հոկտեմբերի 15-ին Աստանայում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ նվիրված արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի վերապատրաստմանը և այցից հետո փորձագիտական զեկույցների կազմմանը։
Համաժողովը կազմակերպել էր Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալությունը (IQAA)։
Համաժողովի ընթացքում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկույց է ներկայացրրել «Փորձագետների կարողությունների զարգացման ՈԱԱԿ-ի փորձը» թեմայով։ Պարոն Թոփչյանն անդրադարձել է փորձաքննության առանձնահատկություններին ու դժվարություններին, ներկայացրել է փորձագետների պատրաստման ՈԱԱԿ-ի մեթոդաբանությունը, ձևավորված փորձագիտական բազան, ապա նաև յուրաքանչյուր փորձաքննության կամ հավատարմագրման գործընթացի համար փորձագետների ընտրման, փորձագիտական խմբի կազմման սկզբունքները։ Անդրադարձ է կատարվել փորձաքննության գործընթացին, փորձագիտական զեկույցի կազմման աշխատանքներին, մատնանշվել ՈԱԱԿ-ի գործունեության ընթացքում ձևավորված առաջավոր փորձը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև որակի ներքին և արտաքին ապահովման մոտեցումներն ու առկա մարտահրավերները, ներկայացվել է ոլորտում առկա հաջողված փորձը մի շարք եվրոպական երկրներից։