Դեկտեմբերի 3-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՈԱԱԿ տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի, հավատարմագրման գործընթացում գտնվող 6 քոլեջների փորձագիտական խմբերի և համակարգողների մասնակցությամբ: Ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով առաջիկայում փորձագիտական այցեր տեղի կունենան`
- Ավիաուսումնական կենտրոն,
- Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ,
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ,
- Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ,
- Գյումրու պետական տեխնիկական քոլեջ,
- Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ:
Քննարկման առանցքում քոլեջների նախնական գնահատման արդյունքում դուրս բերված խոշոր խնդիրներն էին և փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները ոլորտային քոլեջների արտաքին գնահատման գործընթացում:
Կարևորվեց, որ փորձագիտական զեկույցները լինեն հնարավորինս հստակ և քոլեջներին մատնանշեն այն ուղիները, որոնց արդյունքում տեղի կունենա համակարգային բարելավում: Կարևոր է, որ մատնանշվեն նաև խնդիրների պատճառահետևանքային կապերը՝ ամբողջ շղթան լուծելու համար:
Անդրադարձ կատարվեց նաև.
- ռազմավարական պլանավորման կարևորությանը և ռիսկերի կառավարման մոտեցումներին,
- ՄԿԾ-ներ մշակելու և բարելավելու քոլեջների կարողությանը և դրա զարգացմանը միտված քայլերին նաև հավատարմագրման միջոցով,
- քոլեջներում իրականացվող հետազոտությանը և հետազոտական գործունեության մասին քոլեջներում առկա ընկալմանը: