ՈԱԱԿ-ը շարունակում է փորձագետների հետ քննարկել հավատարմագրման գործընթացի հնարավոր բարեփոխումները։
Փորձագետների երկրորդ հանդիպմանը մասնակցում էին ՈԱԱԿ փորձագետներ Կարեն Թռչունյանը (ԵՊՀ), Ռոբերտ Խաչատրյանը (ԲՊՀ), Ռաֆայել Մեսրոպյանը(ԵՊԲՀ), Նարինե Խաչատրյանը (ԵՊՀ), Արամ Բաղիյանը, Անգին Մարտիրոսյանը (ՃՇՀԱՀ), Մարգարիտա Շահվերդյանը (ՎՊՀ), Տիգրան Մնացականյանը (ՀՊՏՀ), Աննա Փոլադյանը (ԵՊՀ)։
Քննարկվեց, թե հնարավոր է արդյոք ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում խորությամբ դիտարկել նաև մասնագիտության կրթական ծրագրերը, գործընթացի արդյունավետ իրագործման համար գործող չափանիշների և ընթացակարգերի ինչպիսի փոփոխություններ են հարկավոր։
Փորձագետների կարծիքով՝ ծրագրային հավատարմագրումն առավել արդյունավետ կլինի, եթե կլաստերային սկզբունքով իրականացվի։ Նրանք առաջ քաշեցին ներքին և արտաքին կլաստերի գաղափարը՝ նշելով, որ նման մոտեցմամբ հավատարմագրումը կխրախուսի նաև բուհերի և նրանց ՄԿԾ-ների միջև առողջ մրցակցությունը։ Կարևորվեց նաև գործատուների մասնակցությունը ծրագրային հավատարմագրմանը՝ անկախ այն հանգամանքից՝ այն կիրականացվի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում, թե առանձին։