«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 28-ին ԵՊՀ-ում անցկացվեց կրթության որակի գնահատման փորձագետներին նվիրված առաջին սեմինարը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում կրթության որակի ապահովման առաջնահերթություններն ու նոր մոտեցումները, հստակեցնել փորձագետների դերը հավատարմագրման գործընթացում: «Որակի ապահովման շրջանակը Հայասատնում» թեմայով իր ելույթում ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց ընթացող բարեփոխումները, գնահատման մեխանիզմները, անդրադարձավ ՄՈՒՀ-երի և դրանց կրթական ծրագրերի ճանաչմանը պետության կողմից, խոսեց որակի ապահովման համակարգում փորձագետների դերի, փորձագետների բազայի ձևավորման և նրանց գործունեության խթանման մասին իրենց հասանելի տիրույթներում, այսինքն՝ իրենց իսկ ՄՈՒՀ-երում: Ռուբեն Թոփչյանը տեղեկացրեց, որ նախատեսվում են որակի ներքին ապահովման կառույցների 400 աշխատակիցների, վարչական և դասախոսական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ:
«Հավատարմագրման փուլերը և փորձագետների գործառույթները» թեմայով իր ելույթում ՈԱԱԿ-ի «Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում» ծրագրի ղեկավար Մկրտիչ Այվազյանն էլ խոսեց հավատարմագրման փուլերի և ժամկետների, փորձագետների հավաքագրման և խմբերի ձևավորման, փորձագիտական խմբերի հիմնական գործառույթների մասին: Բարձրացված թեմաների շրջանակում հնչեցին ելույթներ, ծավալվեց բուռն քննարկում: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մասնագիտական կրթության բնագավառում որպես գերակա ուղղություն է դիտում հավատարմագրման գործընթացը, որի ինստիտուցիոնալ բաղադրիչը բուհերի համար պետք է իրականացվի մինչև 2014թ-ը: Այս նպատակով էլ ՈԱԱԿ-ը սկսել է ձևավորել փորձագետների բազա՝ երկխոսության հրավիրելով կրթության կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին: