Մարտի 24-28-ը «Փափուկ հմտությունների զարգացումը Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության հաստատություններում՝ համահունչ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին» (DeSIRe) ծրագրի շրջանակում Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացավ կարողությունների զարգացմանը նվիրված վերապատրաստում։ Կոնսորցիումի անդամ գործընկերներին հյուրընկալել էր Դրեզդենի տեխնիկական համալսարանը (Technische Universität Dresden, TUD)։
Վերապատրաստման ծրագիրը ներառել է մի շարք կարևոր ուղղություններ, որոնք նպատակ ունեն խթանել ուսանողների փափուկ հմտությունների համակողմանի զարգացումը բարձրագույն կրթության շրջանակում։ Դասընթացների և աշխատանքային խմբերի քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետևյալ թեմատիկ ուղղություններին․
- Ձեռնարկատիրական հմտություններ և նախաձեռնողականություն,
- Բիզնես հաղորդակցություն և բանակցային հմտություններ,
- Կազմակերպական մշակույթի ընկալում և զարգացում,
- Ներառականություն, բազմազանություն և հավասար իրավունքներ (EDI),
- Դասընթացների և զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) մոդուլների նախագծում և վերանայում։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից (ՈԱԱԿ) վերապատրաստումներին մասնակցել են Քաղաքականությունների մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Կառավարման խորհրդի հանդիպման շրջանակներում Մերի Բարսեղյանը ներկայացրել է վերջին վեց ամիսների ընթացքում ծրագրի շրջանակում որակի ապահովման խմբի կողմից իրականացված գործունեությունը։ Մասնավորապես, ներկայացվեցին «WP6 – Որակի վերահսկում և մոնիթորինգ» աշխատանքային փաթեթի շրջանակում իրականացված հիմնական աշխատանքները, այդ թվում՝ Իրականացված վերապատրաստումների արդյունավետության գնահատման արդյունքները։
Նշենք՝ որակի ապահովման գործընթացները ծրագրում համակարգում է ՈԱԱԿ-ը Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (NCEQE) և Ֆինլանդիայի LUT համալսարանի հետ համագործակցությամբ։
«Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացումը» (DeSIRe) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027), որի նպատակն է ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն և ցկյանս ուսուցման հնարավորություններ բոլորի համար՝ ապահովելով փափուկ և մասնագիտական կարողություններ աշխատանքային կարիերային և շուկայի պահանջներին համահունչ։
DeSIRe ծրագրի շրջանակներում կմշակվեն փոխանցելի կարողություններ ձևավորող մոդուլներ, որոնք կներդրվեն Հայաստանի և Վրաստանի կոնսորցիումի անդամ գործընկեր բուհերում:
Ծրագրի համակարգողը Հ․ Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանն է: Ծրագրում ներգրավված են 17 գործընկեր կազմակերպություններ և համալսարաններ Հայաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Իսպանիայից և Իռլանդիայից։