Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ առցանց դասընթաց «Ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ» թեմայով։
Դասընթացավարներն էին ԵԽ փորձագետ, Կրթության և վերապատրաստումների գնահատման խորհրդի (ETEC) և Համաշխարհային բանկի խորհրդատու, Evidence ինստիտուտի հետազոտության գծով տնօրեն, Վարշավայի համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Թոմաս Գաջերովիչը և Կրթության և վերապատրաստումների գնահատման խորհրդի (ETEC) միջազգային գնահատումների փորձագետ, Համաշխարհային բանկի, Եվրոպական խորհրդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդական, Evidence ինստիտուտի հիմնադիր, Վարշավայի համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մաչեյ Ջաբուկովսին։
Դասընթացին մասնակցում էին մասնագետներ հայաստանյան բուհերից և քոլեջներից։
Լեհ մասնագետները դասընթացի մասնակիցներին ներկայացրեցին ուսուցման և ուսումնառության մեթոդների արդյունավետության հետազոտությունների իրենց փորձը, այնուհետև ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքներն այն մասին, թե ինչպես է տեղի ունենում նորի յուրացումը, ինչպես է աշխատում հիշողությունը, ինչպես դասախոսը կարող է հասկանալ, թե մատուցված նյութից ինչն է ուսանողը հասկացել, որ մասն է սխալ հասկացել և ինչն է, որ կարող է մոռանալ, ուսանողի մնացորդային գիտելիքները ստուգելու ինչ արդյունավետ մեթոդներ կան և այլն։ Ի թիվս մի շարք թեմաների, անդրադարձ կատարվեց նաև ուսուցանող գնահատմանը․ ինչպես գնահատմամբ մոտիվացնել ուսանողին և ստանալ հետադարձ կապ դասընթացի արդյունավետության մասին։
Դասընթացից հետո ՈԱԱԿ-ը շարունակում է մասնակիցներից դրական արձագանքներ և նմանատիպ այլ դասընթացներ կազմակերպելու առաջարկներ ստանալ։