Ինչպե՞ս են արվեստի և սպորտի բուհերն իրականացնում առցանց կրթություն, որքանո՞վ է իրատեսական առցանց ուսուցմամբ ապահովել մասնագիտական դասընթացների սահմանված վերջնարդյունքները և ինչպե՞ս է գործում բուհերի որակի ապահովման համակարգը ներկա պայմաններում․ այս և այլ հարցեր էին այսօր ոլորտի բուհերի որակի ապահովման մասնագետների և ՈԱԱԿ մասնագետների առցանց հանդիպման օրակարգում։
Հանդիպման նպատակն էր վեր հանել հայաստանյան բուհերի լավագույն փորձը, հասկանալ, թե առցանց ուսուցման պայմաններում ինչ ձեռքբերումներ կան, որոնք պահպանվելու են նաև լսարանային ուսուցման վերադառնալուց հետո, ինչպես նաև ներկայացնել միջազգային փորձը մատնանշված հարցերի վերաբերյալ։
Բուհերի որակի պատասխանատուները նշեցին, որ առցանց ուսուցման պայմաններում մեծացել է դասախոսների ծանրաբեռնվածությունը։ Որպես դրական իրողություն նշվեց, որ մեծ է նաև ուսանողների ներգրավվածությունն առցանց դասերին։
Նշվեց, որ և արվեստի, և սպորտի ոլորտում կան դասընթացներ, որոնք բարդ է, երբեմն էլ անհնար է իրականացնել առցանց պայմաններում։ Վերապլանավորման արդյունքում առցանց իրականացվում են այն դասընթացները, որոնք հնարավոր է ադապտացնել առկա պայմաններին։ Իսկ որոշ վերջնարդյունքների ձեռքբերումը հետաձգվել է՝ ներառվելով հաջորդ տարվա դասընթացներում։ Առցանց ուսուցման պայմաններում փոխվել է հանձնարարականների բնույթը, մեծացել է հետազոտական բաղադրիչը, ինչպես նաև ուսանող-դասախոս անհատական համագործակցությունն է ընդլայնվել։
Քննարկվեց նաև, թե որքանով են կառավարելի առկա ռիսկերը, բուհերի որակի կենտրոններն ինչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։
Բուհերի որակի պատասխանատուները կարևորեցին հանդիպումը՝ նշելով, որ այն օգնում է բուհերի միջև շփում և փորձի փոխանակում ապահովել կարանտինի պայմաններում։
Նշենք, որ բուհերի որակի ապահովման մասնագետների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրում։