Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ հունվարի 20-ին տեղի ունեցավ հանդիպում այն քոլեջների ներկայացուցիչների հետ, որոնք ընթացիկ տարում պետական ֆինանսավորմամբ ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնելու։
2021-ին ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու են Դիլիջանի պետական բժշկական քոլեջը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը և Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը։ Առաջիկայում կընտրվի ևս մեկ քոլեջ, որն այս տարի հավատարմագրման գործընթաց է անցնելու։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացակարգը, տասը չափանիշները, գործընթացի առանձնահատկությունները, առաջիկա անելիքները։ Պարոն Թոփչյանը շեշտեց, որ ՈԱԱԿ-ը, հաշվի առնելով, որ քոլեջներում որակի ապահովման համակարգը համեմատաբար վերջերս է ներդրվել, և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն առաջին անգամ են հավատարմագրվում, որոշակի նախապատրաստական աշխատանքներ կիրականացնի հավատարմագրվող քոլեջների հետ։
Նախ, ՈԱԱԿ մասնագետները վերապատրաստումներ կիրականացնեն այդ քոլեջների աշխատակիցների համար, որից հետո ՄՈՒՀ-երը SWOT վերլուծություն կիրականացնեն։ Դրա հիման վրա կիրականացվի քոլեջի արտաքին գնահատում և բարելավման խորհրդատվություն կմատուցվի։ Արտաքին գնահատման գործընթացին որպես փորձագետներ կընդգրկվեն մասնագետներ նաև քոլեջից, որոնք հետագայում իրենց փորձը կծառայեցնեն ուսումնական հաստատության բարելավման գործընթացին։
Նախապատրաստական աշխատանքների շնորհիվ քոլեջներում կձևավորվեն ինքնավերլուծության կարողություններ, իսկ բուն ինքնավերլուծությունը կկարողանան իրականացնել SWOT վերլուծության վրա՝ հաշվի առնելով նաև փորձագիտական խմբի խորհրդատվությունները։
Հանդիպման մասնակիցները հնչեցրեցին նաև իրենց հուզող հարցերը, հստակեցվեց համավատրամգրաման գործընթացների նախնական ժամանակացույցը։