Նոյեմբերի 20-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հիբրիդային ձևաչափով տեղի ունեցավ Էրազմուս+ SMARTI ծրագրի ղեկավար խմբի տարեկան ժողովը:
Հանդիպմանը ներկա էին SMARTI ծրագրի համակարգող Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից ծրագրի ղեկավար Գերարդ Քալլենը և Լեզուների կենտրոնի համակարգող Կատյա Ուլմանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը:
Հանդիպման օրակարգում էին՝
- ծրագրի ազդեցությունը շահակից բուհերի և կրթական գործընթացների վրա,
- EMI (Անգլերենը` որպես դասավանդման միջոց) կենտրոնների գործունեությունը,
- անգլալեզու երկու մոդուլների փորձարկումը,
- EMI կենտրոնների և անգլալեզու մոդուլների արտաքին գնահատումը:
Նոյեմբերի 21-ին Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպում տեղի ունեցավ ՈԱԱԿ-ում: Քննարկվեցին ծրագրի շահակից բուհերում ստեղծված EMI կենտրոնների և անգլելեզու մոդուլների արտաքին գնահատման պլանավորման և իրականացման գործընթացները:
Իսկ նոյեմբերի 21-24-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի շահակից բուհերում՝ ՀՀ ՊԿԱ, ՀԱԱՀ, ԳորՊՀ, ՎՊՀ, ՇՊՀ, տեղի ունեցան EMI (Անգլերենը` որպես դասավանդման միջոց) կենտրոնների բացման հանդիսավոր արարողություններ:
Նշենք, որ Էրազմուս+ SMARTI ծրագրի արդյունքում հայաստանյան 5 բուհ կունենա արտաքին գնահատում անցած EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոն և անգլերենով դասավանդվող երկուական մոդուլ: Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):
SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) տարբեր երկրների համագործակցությամբ եռամյա ծրագիր է, որը ձգտում է խթանել կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով: