Ապրիլի 19-20-ին տեղի ունեցավ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամների 8-րդ ֆորումը, որին մասնակցում էր նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն ի դեմս տնօրեն Ռուբեն Թոփչյանի։
Երկօրյա միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել որակի ապահովման սոցիալական չափմանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման համաշխարհային կոնվենցիային, քննարկվել է, թե արդյոք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշները և ուղենիշները (ESG) նորարարական քաղաքականության հնարավորություն ընձեռում են։
ENQA անդամ որակի ապահովման գործակալությունների ներկայացուցիչները քննարկել են ակադեմիական փոխճանաչման և որակի ապահովման գործընթացների փոխկապակցման հնարավորությունները:
Ներկայացվել է նաև ուսումնական հաստատությունների արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների տվյալների բազան (DEQAR), որը հնարավորություն կտա Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR)-ում ընդգրկված որակի ապահովման գործակալությունների իրականացրած փորձաքննությունների, հավատարմագրումների արդյունքներն առավել հասանելի և տեսանելի դարձնել։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը 2017 թ․ գրանցված է EQAR-ում։
Լուսանկարը՝ ENQA-ի թվիթերյան էջից։